
Հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 00:10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Բ.Թորգոմյանը:
«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Բ. Թորգոմյանը վիրահատվել է, որի ընթացքում պարզվել է, որ վերքը թափանցել է որովայնի խոռոչ՝ առանց ներքին օրգանների վնասման:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:a