Դավութօղլուն Ռուսաստանին ու քրդերին մեղադրել է «ահաբեկչական գոտի» ստեղծելու պլանների մեջ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին քրդերի հետ միասին Թուրքիայի հարավային ափերի մոտ ինչ-որ «ահաբեկչական գոտի» ստեղծելու մեջ:
«Ռուսաստանը, Դամասկոսի ռեժիմը, «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ու Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները գործում են միասին՝ Թուրքիայի հարավային սահմանների մոտ փորձելով ձևավորել ինչ-որ ահաբեկչական միավորում»,- հայտարարել է Դավութօղլուն, որի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Անկարան «հիանալի գիտակցում է նման խաղերի էությունը ու թույլ չի տա այդ պլաններին կյանքի կոչվել»: «Մենք ոչ մի վայրկյան չենք տատանվի Թուրքիայի ազգային անվտանգության պաշտպանության հարցում ու չենք խնդրի թույլտվություն ով էլ, որ լինի»,- ընդգծել է Դավութօղլուն:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան սիրիական հակամարտության հենց սկզբից հանդես է եկել հակամարտության կարգավորման քաղաքական ուղու օգտին:
«Մենք դրական ենք ընկալում ռազմական գործողությունների կասեցման քայլերը: Սակայն նրա համար, որ տվյալ ջանքերը հաջողություն ունենան, Ռուսաստանն ու Բաշար Ասադի ռեժիմը պետք է կատարեն իրենց պարտավորությունները, հակառակ դեպքում ոչ մի պայմանավորվածություն չի լինի»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նա նշել է, որ Անկարան անմասն չի մնում Սիրիայի մարդասիրական ճգնաժամից: «Թուրքիայի սահմանների մոտ ծավալվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ մարդասիրական դրաման: Թուրք-սիրիական սահմանի երկարությունը 911 կմ է, ու հարևան երկրի ցանկացած իրադարձություն ազդում է Թուրքիայի վրա»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: