Բաժիններ՝

Ավարտվել է այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 8/31 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Քննությամբ պարզվել է, որ այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելուն օժանդակել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 8/31 ընտրատեղամասի ընտրող Ն.Ալեքսանյանը քվեարկությանը մասնակցելու նպատակով այցելել է նշված ընտրատեղամաս և պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, որոշել է քվեարկել իր հորեղբոր փոխարեն:

Թիվ 8/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Լ.Ալեքսանյանը, տեղեկանալով Ն. Ալեքսանյանի մտադրության մասին, թույլ է տվել վերջինիս ստորագրել հորեղբոր տվյալների դիմաց և քվեարկել՝ այդպիսով օժանդակելով նրան քվեարկելու այլ անձի փոխարեն:

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի անդամ Լ.Ալեքսանյանը նաև անձամբ է քվեարկել այլ անձի փոխարեն։ Մասնավորապես՝ ՌԴ-ում գտնվող իր հորեղբոր որդու՝ Ա.Ալեքսանյանի անվան դիմաց լրացրել է պատահական անձնագրային տվյալներ, ստորագրել, կնքել, այնուհետև քվեարկել նրա փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 38-153-րդ հոդվածներով, իսկ Ն. Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել նաև Ն.Ալեքսանյանի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ։

Ըստ նախնական տվյալների՝ նրա և մեկ այլ ընտրողի փոխարեն դեկտեմբերի 6-ին քվեարկել է նշված ՏԸՀ նախագահը, ում ևս մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս