Բաժիններ՝

Վրաստանի հարավում զանգվածային կռիվ է ծագել մուսուլմանների ու քրիստոնյաների միջև

Վրաստանի հարավում՝ Ադիգենի շրջանային կենտրոնում, զանգվածային կռիվ է ծագել տեղի իսլամադավան ու քրիստոնյա վրացիների միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Տուժել է մի քանի մարդ: Այսօր Ադիգենի կժամանեն Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները, որոնք հանդիպում կունենան տեղի բնակիչների հետ:

Մոտ 30 տարի առաջ Ադիգենիում վերաբնակվեցին մի քանի տասնյակ ընտանիքներ Աջարիայից, որոնց տներն ավերվել էին սողանքների հետևանքով: Իսլամադավան վերաբնակիչները հարմարվեցին միջավայրին, սակայն խնդիրներ ծագեցին վերջերս, երբ Կրոնի հարցերով պետական գործակալությունը իսլամադավան տեղացիներին թույլատրեց բացել առանձին գերեզմանատուն: Մինչ այդ ուղղափառներն ու մուսուլմանները թաղվում էին մեկ գերեզմանատանը:

Որոշումը դժգոհություն առաջացրեց ուղղափառ վրացիների շրջանում: Նրանք մտավախություն ունեն, որ դրանից հետո մուսուլմանները կցանկանան մզկիթ կառուցել, իսկ հետո կարող են ընդհանրապես ուղղափառներին վտարել Ադիգենիից, քանի որ վերջին տարիներին շրջանում ծնված 1 ուղղափառ երեխային բաժին է ընկնում 3 մուսուլման երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս