
«Բանակում արտակարգ պատահարները լինում են երկու բնույթի». Սեյրան Օհանյան

«Գիտեք, որ մենք հետևողական պայքար ենք սկսել բանակում արատավոր բարքերի դեմ: Եվ այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում մենք հասել ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարների թիվը հասել է նվազագույնի»,- ՀՀ ԳԱԱ-ում գիտնականների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նաև հավելեց, որ բանակում արտակարգ պատահարները լինում են երկու բնույթի: «Արտակարգ պատահարներ լինում են անվտանգության կանոնների խախտումների հետևանքով, ինչը մենք նվազագույնի ենք հասցրել: Պատահարներ լինում են նաև միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով: Սակայն, քանի որ մենք ազգային բանակ ենք, ցանկանում ենք, որ մեր բանակում միջանձնային հարաբերությունները լինեն բարձր մակարդակի վրա»,- հավելեց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ տղամարդկային կոլեկտիվում կոնֆլիկտներն անխուսափելի են: «Իսկ այդ կոնֆլիկտների հիմքում ընկած է անհանդուրժողականության մթնոլորտը, որի պատճառը արատավոր բարքերն են՝ մականուններ, հայհոյանքներ, գողական խոսակցություններ: Մենք դրա դեմ պետք է պայքար տանենք: Ես հրավիրել եմ, որ այդ պայքարի մեջ ընդգրկվեն դպրոցները, իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, սակայն սա չի նշանակում, որ բանակը միայն պահանջատեր է: Մենք սրանով նաև բարձրացնում ենք հրամանատարական կազմի պատասխանատվությունը, որպեսզի հասարակությ ունը հետո չասի՝ մենք մեր բաժին գործն արել ենք, իսկ դո՞ւք ինչ եք արել»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարը: