Բաժիններ՝

«Էթիկայի հանձնաժողովի ֆունկցիան կատարում է երկրի ղեկավարը». Վահան Արծրունի

«Պատգամավորներին իրենց տերն է դաստիարակում. մենք այդպիսի օրինակներ ունեցել ենք, երբ պատգամավորներին իրենց տերն է հրապարակավ պատժել, իրենց տեղը ցույց է տվել, այնպես որ` Էթիկայի հանձնաժողովի ֆունկցիան, վերջիվերջո, կատարում է երկրի ղեկավարը կամ իրենց կառավարական Էթիկայի հանձնաժողովի նախագահը»,- այսօրվա ասուլիսին նշեց հեղինակ-կատարող Վահան Արծրունին:

Քանի որ ասուլիսի թեման էր էթիկայի և իրավունքի սահմանագիծը, նա նշեց, որ իր պատկերացմամբ՝ սահմանումը իրավունքի կամ էթիկայի մեջ չէ. «Իրավունքը նկարագրում է՝ ինչ չի կարելի անել, իսկ էթիկական խնդիրները մի քիչ այլ հարթության մեջ են՝ ինչն ինձ չեմ կարող թույլ տալ անել: Սահմանումը նուրբ է, որովհետև այստեղ շատ գործոններ են սկսում աշխատել՝ սկսած ընտանեկան դաստիարակությունից, խավային պատկանելությունից, այն գրքերի քանակից, որ մարդ կարդացել կամ չի կարդացել, նաև՝ կեցվածքից: Մենք հիմա այն պատմական փուլում ենք, որ ձևավորվում է վերը նշածս «կառավարական էթիկա» հասկացությունը, որովհետև խնդիրը լրիվ այլ ատյաններում ու այլ հարթություններում է լուծվում: Այսինքն՝ այն բոլոր երևույթները, որոնք արձանագրում ենք կամ որոնց հետ հաշտվում ենք, կամ՝ ոչ, ծավալվում են մինչև այն պահը, երբ որոշակի սահմանն անցնում են, ու իրենց տերը ցույց է տալիս իրենց տեղը: Սա նորմալ իրավիճակ է մեր երկրի համար: Սահմանումը պետք է դնել ոչ թե՝ «էթիկա» և «իրավունք», այլ՝ «էթիկա» և «հիմարություն» հասկացությունների արանքում»:

Հեղինակ-կատարողն իր շնորհակալությունը հայտնեց լրագրողներին՝ նշելով, որ, եթե նրանց ուշադրության կենտրոնում չլինեն այս բոլոր խնդիրները, եթե նրանք չբզկտեին հանրությանը, եթե նրանք չբզկտեին այս մթնոլորտը, մտավորականները գուցե առիթ չէին ունենա իրենց պատկերացումներն ու մտքերը հայտնել «այդ իրապես խայտառակ իրավիճակի մասին». «Սա որակել՝ որպես էթիկական կամ ոչ էթիկական, արդեն այդ փուլից դուրս ենք եկել, սա ազգային խայտառակության տեսակների հետ է կապված»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս