Բաժիններ՝

Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart-ի արտիստ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart (Swiss Global Art Management Gart) կազմակերպության արտիստ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ արվեստի կառավարման բնագավառում ունենալով ավելի քան 30 տարվա պատմություն, կազմակերպելով բացառիկ միջոցառումներ, միջազգային փառատոներ՝ Swiss Gart-ը որոշեց համախմբել տարբեր երկրների փորձագետներին Global Art Management-ի շրջանակներում։ Համագործակցելով ամենահեղինակավոր դահլիճների, համերգասրահների և առաջահար նվագախմբերի հետ՝ Swiss Gart-ն աշխատում է ինչպես մեծ արտիստների, այնպես էլ ապագայի աստղերի՝ երիտասարդ սերնդի արվեստագետների հետ՝ օգնելով նրանց կառուցել իրենց կարիերան։

Swiss Gart -ի ուշադրության կենտրոնում է ոչ միայն դասական երաժշտությունը. այն աշխատում է նաև անվանի ջազ, փոփ երաժիշտների, պարային խմբերի, բալետային կոլեկտիվների, օպերային տների և կոմպոզիտոների հետ։

Swiss Global Art Management-ը ներկայացնում է բացառիկ շոուներ և մատուցում գեղարվեստական նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարություններ, ինչպես նաև՝ ոչ կառավարական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Swiss Gart -ի կողմից են կյանք ստանում աշխարհի առաջատար մշակութային ծրագրերը։ Այստեղ աշխատող մեծ թիմն ապահովում է ծառայություններ, որոնք նախապատրաստվում են մանրակրկիտ կերպով՝ հաշվի առնելով ամենափոքր դետալներն անգամ։

Swiss Gart-ի արտիստներ են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը, ջութակահար Սոյունգ Յունը, մեցցո-սոպրանո Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կորեայի կամերային նվագախումբը և հայտնի այլ արվեստագետներ ու կոլեկտիվներ։

Swiss Gart -ի հետ համագործակցության արդյունքում Սերգեյ Սմբատյանը հանդես է եկել Ջոն Մալկովիչի և Պինկաս Ցուկերմանի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս