Բաժիններ՝

Մինչև ապրիլի 25-ը վտանգավոր ժամանակաշրջան է ցրտահարության համար

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս ավարտել կորիզավոր պտղատու ծառատեսակների էտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«Արդեն ժամանակն է ավարտել կորիզավոր պտղատու ծառատեսակների էտը, որովհետև բողբոջներն արդեն ուռչում են, և Արարատյան դաշտում առաջիկա տասնօրյակում ծիրանենին կծաղկի: Մենք նախապես նշել էինք, որ Արարատյան դաշտում խաղողի այգեբացը պետք է կատարել փետրվարի վերջերին: Պետք է առաջիկա օրերին արագ ավարտել այգեբացը, քանի որ արդեն հողը տաքանում է, և ուշացման դեպքում վազերը հնարավոր է վնասվեն: Մարտին կանխատեսվող ջերմաստիճանը մեզ հուշում է, որ պետք է արագացնել խաղողի վազերի էտը»,- փոխանցմամբ` նշեց Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով` մարտի սկզբին պետք է կատարել նաև վաղահաս կարտոֆիլի ցանքը Արարատյան դաշտում:

«Իսկ մնացած տարածքներում այն պետք է կատարել մարտի 5-20-ն ընկած ժամանակահատվածում: Ուշացնել չի կարելի, քանի որ պալարագոյացումը կարող է համընկնել ավելի բարձր ջերմաստիճանի հետ, և խնդիրներ կառաջանան: Այս իրավիճակում պետք է բոլոր պտղատու ծառատեսակների բները մշակել կրակաթով, սպիտակեցնել: Սա ծառերի բունը պաշտպանում է տաքացումից: Պետք է նաև անհապաղ բուժում կատարել սնկային հիվանդությունների դեմ»,-շեշտեց նա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը շեշտեց, որ մինչև ապրիլի 25-ը վտանգավոր ժամանակաշրջան է ցրտահարության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս