Հայ միլիարդատեր Սարկիսովի դստեր հեքիաթային հարսանիքը Թբիլիսիում՝ միլիոնատերերի ու աստղերի մասնակցությամբ
3 օր շարունակ Թբիլիսիի արվարձանում տեղի է ունեցել «Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի դստեր՝ Իյայի հարսանիքը Միխայիլ Մախարաձեի հետ, գրում է super.ru-ն: Իյան Սարկիսովի երեք երեխաներից մեկն է:
Հիշեցնենք, որ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը 2015թ. զբաղեցնում էր Forbes-ի 106-րդ հորիզոնականը: Շքեղ հանդիսությունը, որի համար շռայլորեն վճարել է 56-ամյա օլիգարխը, տեղի է ունեցել Ambasadori in Kachreti հյուրանոցում:
Մի քանի հեկտար տարածության վրա կազմակերպվել է իսկական տոնակատարություն վրացական լավագույն ավանդույթների ոճով:
Խոհարարները պատրաստել են վրացական խինկալի, մատուցել են չրեր, մրգեր, հատապտուղներ, վրացական գինի: Ambasadori-ի տարածքը ձևավորվել է բազմաթիվ ծաղիկներով, խնձորով, նարնջով, տանձով ու խաղողով լի առատ զամբյուղներով:
Հարսանիքի համերգային ծրագիրն ապահովել են էստրադայի ամենավառ դեմքերը՝ Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Թամարա Գվերդցիտելին, ինչպես նաև Վալերի Սյուտկինը, Ջիգանը, Մարկ Տիշմանը: Սակայն ամենաբարձր ծափահարությունների արժանացել է Madcon դուետը՝ իր Beggin սուպերհիթով:
Հարսանիքի ընթացքում օլիգարխի դուստրը երեք անգամ փոխել է հարսանեկան զգեստը: Նա զգեստը փոխել է հարսնացուի ազգային տարազով, որով կատարել է վրացական ազգային երգ, ապա կրել է վառ կարմիր կոստյում՝ լեզգինկայի համար:
Զույգի հարսանիքին նախորդել է երկու օր տևած տոնախմբությունը: Հարսնացուն ամուսնությունից առաջ իր ծնողների ու ընկերների հետ լավ ժամանակ է անցկացրել Թբիլիսիի լավագույն կարաոկեներից մեկում:
Սարկիսովի աղջկա հարսանիքին մասնակցել են բազմաթիվ հյուրեր Մոսկվայից: Նրանց թվում են եղել Սարկիսովների ընկերները՝ նկարիչ Բորիս Կրասնովի, գործարար Վլադիմիր Կիսելյովի ընտանիքները, «Ռոսկինոյի» ղեկավար Եկատերինա Մցիտուրիձեն, հրատարակիչ Ռեգինա ֆոն Ֆլեմինգն ու այլք:
Նշենք, որ Ambasadori in Kachreti հյուրանոցը մի քանի օր փակ է եղել հատուկ հարսանիքի հյուրերի համար: