Մոսկվայի ոստիկանությունը 4-ամյա աղջկա գլխատումից հետո ազգայնականների ակտիվացման մտավախություն ունի
Մոսկվայում ոստիկանությունն ուժեղացրել է երիտասարդության շրջանում քսենոֆոբիայի հնարավոր բռնկման կանխարգելման աշխատանքները, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Ինչպես նշվում է, իրավապահ մարմինները մտավախություն ունեն, որ ուզբեկ դայակի կողմից 4-ամյա Նաստյա Մ-ի գլխատումից հետո ազգայնական տրամադրությունները կուժեղանան:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանությունը աշխատանքներ է կատարում երիտասարդական միավորումների ղեկավարների հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի բնակիչները ծաղիկներ են տանում «Օկտյաբրսկոյե Պոլե» մետրոյի կայարանի մոտ, որտեղ նախօրեին ձերբակալվել էր երեխայի գլուխը ձեռքին շրջող կինը:
Սոցցանցերում օգտատերերը ծաղիկներով ու փափուկ խաղալիքներով լուսանկարներ են տեղադրում, որոնք մոսկվացիները բերում են՝ ի հիշատակ սպանված փոքրիկի:
Նշվում է, որ սպանության կասկածյալը խոստովանել է երեխային գլխատելու փաստը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի իրավապահ մարմինները «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ի սահմաններում ձերբակալել էին սևազգեստ դայակին, ով սպառնում էր իրեն պայթեցնել՝ մի ձեռքում պահելով երեխայի գլուխը:
Ավելի ուշ պարզվել էր, որ կինն Ուզբեկստանի քաղաքացի է, ծնվել է 1978 թվականին: Վերջինս դայակ է աշխատել անօրինական: Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե երեխային որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին:
Հայտնի է, որ կինը երեկ գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը: