«Ցանկացած երկրի իշխանությունների կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումը». Հովիկ Աբրահամյան
Հայաստանում հանրային առողջության պահպանման ջանքերը մշտապես բարձր գնահատականի են արժանանում առողջապահական միջազգային կազմակերպությունների կողմից: «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նկատեց, որ մարդու առողջության մասին հոգ տանելը սահմաններ չի ճանաչում, ինչի վկայությունն էլ այս համաժողովի անցկացումն է: «Անկախ տնտեսական զարգացածության աստիճանից` ցանկացած երկրի իշխանությունների կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումը: Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ, որոնք համահունչ են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն- 2020» համապարփակ ռազմավարության մոտեցումներին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով` հատկապես մեծ գնահատականի են արժանանում Հայաստանում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացումը, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումները: «Հաջողված ծրագրերից է նաև աղի պարտադիր յոդացումը, որի շնորհիվ նվազել են յոդի անբավարարությամբ պայմանավորված առողջական խնդիրները»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով սքրինինգային ծրագրի իրականացմանը` վարչապետը կարևորեց փաստը, որ դրա շրջանակում երեք տարվա ընթացքում կստուգվի բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը:
Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ երկրի հնարավորությունների սահմաններում կառավարությունը տարեցտարի ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը: