
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել IT-ոլորտի ամենաթանկ՝ 67 մլրդ դոլար արժողությամբ գործարքին

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ամերիկյան Dell կորպորացիայի կողմից իր մրցակից EMС-ի գնման գործարքին, որը գնահատվում է 67 մլրդ դոլար: Այս մասին ասվում է կարգավորողի մամուլի հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով տեղեկության պահպանության ոլորտի ռազմավարական կարևորությունը, ես ուրախ եմ հայտնել, որ մեզ հաջողվել է կարճ ժամանակում քննարկել ու հավանության արժանացնել EMC-ի կլանումը Dell-ի կողմից՝ համոզվելով, որ բացասական հետևանքներ չկան սպառողների համար»,- ասվում է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեստագերի հաղորդագրության մեջ:
Միացյալ ընկերությունը ենթադրաբար կղեկավարի Dell-ի հիմնադիր և ղեկավար Մայքլ Դելը:
Dell-ը 2013 թվականին դարձավ մասնավոր ընկերություն 25 մլրդ դոլարի բաժնետոմսերի գնումից հետո:
EMC-ն ունի մոտ 50 մլրդ դոլարի կապիտալիզացիա: