«Մենք Համասյաններ չենք, բայց…»
asparez.am-ը գրում է. Գյումրու «Ֆանտաններ» կոչվող՝ ցեխերի մեջ թաղված թաղամասում հավաքված մարդիկ լսում էին ջազ, դաշնակահար Տիգրան Համասյանին, ով բարեգործական համերգով միացավ Գյումրու անօթեւան ընտանիքներին ուղղված դրամահավաքին։ Համերգը տեղի ունեցավ տնակային ավանում՝ բաց երկնքի տակ։ Նա եկել էր հայրենի քաղաք հանուն մի նպատակի` օգնել անօթեւան եւս մեկ ընտանիքի ունենալ իր տանիքը:
«Երեւանը Գյումրու կողքին է» նախաձեռնության անդամները համերգի արդյունքները ավելի մանրամասն ցանկացան ներկայացնել փետրվարի 28-ին` Երեւանի Հյուսիսային պողոտայում, իրականացվելիք դրամահավաքից հետո. այնտեղ էլ էր դրամահավաք կազմակերպվել:
Այս ակցիաները խթան առաջացրեց գյումրեցի շատ երիտասարդների մոտ` հանդես գալ նմանատիպ նախաձեռնությամբ:
Փետրվարի 28-ին Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում մի խումբ երիտասարդներ միացել էին դրամահավաքին` հորդորելով բոլորին մասնակցել այդ գաղափարի իրականացմանը:
Երիտասարդ երաժիշտների խումբը նվագում էր անցորդների համար` նպատակ ունենալով օգնել անօթեւաններին:
-Սա նաեւ հորդոր է բոլորին, որպեսզի միանան եւ օգնեն: Կապ չունի՝ լավ ես նվագում , թե` ոչ: Մենք Համասյաններ չենք, բայց կարող ենք օգնել մեր քաղաքի բնակիչներին, – ասաց երիտասարդ երաժիշտը: