Հանձնաժողովի կին անդամը՝ ամբաստանյալի աթոռին. երկու քրեական գործ ուղարկվել է դատարան
2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված ընտրախախտումների երկու դեպքով հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործերն ուղարկվել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործերից մեկի շրջանակներում Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի Երևանում տեղակայված 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 1 մատյանում այլ անձի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնիքել է իրեն հատկացված դրոշմով, այնուհետև նույն հասցեում հաշվառված անձի տվյալների դիմաց լրացրել է մտացածին անձնագրային տվյալներ՝ նպատակ ունենալով քվեարկել նշված 2 անձանց փոխարեն, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նշված դեպքը հայտնաբերվել և կանխվել է հանձնաժողովի անդամի կողմից:
Մյուս քրեական գործի շրջանակներում Կ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին այցելել է Երևանում տեղակայված 2/06 ընտրատեղամաս, որտեղ այլ անձի փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ՝ մոտեցել է հանձնաժողովի անդամին, ներկայացրել այլ անձի տվյալներով կեղծ անձնագիր, ապա հիշյալ տեղամասի ընտրողների 1-ին մատյանում ստորագրել է նրա տվյալների դիմաց, ստացել 1 քվեաթերթիկ, որը գցել է քվեատուփ՝ այդ կերպ քվեարկելով այլ անձի փոխարեն:
Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: