«Հա, հասկացա, անաչառ դատավոր է…». Լևոն Զուրաբյանը՝ Ռուբիկ Հակոբյանի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկների միասնական պլատֆորմ ստեղծելու կոչին, ասել էր. «Մինչև Լևոն Զուրաբյանի առաջարկությունը՝ մի քանի առաջարկություններ եղել էին, ու վատ է, որ նրանք չէին միացել այդ առաջարկներին, բայց դա խնդիր չի, ուղղակի ես կուզենամ, իրոք, անկեղծ լինեն մոտեցումները: Ինչո՞ւ եմ շեշտում դա, որովհետև միշտ ի՞նչն է պառակտել ընդդիմադիր դաշտը, որ ամեն մեկը մտածել է, որ հենց իր առաջարկության շուրջ պետք է համախմբվեն, կարծում եմ՝ այս պահին քաղաքական ուժերն իսկապես կունենան այդ իմաստությունը, համարժեք քայլ կանեն»:
Լրագրողները Ռ. Հակոբյանի այս դիտարկումների վերաբերյալ նաև մեկնաբանություն խնդրեցին Լ. Զուրաբյանից, որը նախ՝ հետաքրքրվեց, թե ո՞ր ուժին է ներկայացնում Ռ. Հակոբյանը: Դիտարկմանը, թե նա արդեն հիմա ներկայանում է՝ որպես անկախ պատգամավոր, Լ. Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Հա, հասկացա, անաչառ դատավոր է…»:
ՀԱԿ ղեկավարը կարծում է, որ պառակտում չկա ընդդիմադիր դաշտում, կան իշխանությունների կողմից մանիպուլյացման փորձեր՝ ինչ-որ ուժերի իրենց վերահսկողության տակ վերցնելու կամ թույլ չտալու, որ իրենք հանդես գան միասնական առաջարկներով. «Իշխանությունները հասկանում են, որ այդ առաջարկների միասնական պլատֆորմի ստեղծումն իրենց մեծ հարված է հասցնելու, որովհետև շատ անհարմար դիրքի մեջ են ընկնելու ու շատ կդժվարանան մերժել միասնական պլատֆորմը, դրա համար ամեն գնով փորձելու են նաև ազդել որոշ քաղաքական ուժերի վրա՝ ստեղծելու այն տպավորությունը, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել: Բոլորն էլ հասկանում են սրա կարևորությունը, ու կարծում եմ՝ եթե ոչ՝ բոլորին, ապա՝ շատերին կհաջողվի համախմբվել այս առաջարկների շուրջ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: