Լոռամրգի հյութն օգնում է նվազեցնել սրտի հիվանդության վտանգը

Հավանաբար շատերն են լսել լոռամրգի (cranberry) հյութի առողջարարության մասին: Սակայն շատերը գիտեն միայն այն, որ լոռամիրգը լավ է միզուղիներին: Այն, որ լոռամրգի հյութի պարբերաբար օգտագործումը կարող է բուժել միզուղիների բորբոքումը, ինչպես նաև՝ կանխել երիկամային քարերի գոյացումը (իսկ եթե դրանք արդեն գոյացել են, կարող է նպաստել քայքայմանը), իսկապես ճիշտ է: Եվ սա հիմնականում իր թթվության շնորհիվ է, և կարող է վերացնել մանրէները, ինչպես նաև քայքայել քարերի հիմնական բաղադրիչ հանդիսացող կալցիումը: Բժիշկներն ավելի ու ավելի շատ հետազոտություններ են սկսել կատարել, որպեսզի դիտարկեն լոռամրգի օգտակար հատկանիշների հիմնական պատկերը: Օգտակար հատկանիշներից մեկը լոռամրգի հյութի մեծագույն ներդրումն է սրտի հիվանդությունների բուժման մեջ: Վերջերս կատարված հետազոտության համաձայն՝ լոռամիրգը պետք է դասել սրտի համար առողջարար մթերքների շարքին:

Լոռամրգի և սրտի առողջության միջև եղած կապը բացահայտվել է

Լոռամրգի շուրջ ծավալվող քննարկումների պատճառը Journal of Nutrition-ում վերջերս հրապարակված ուսումնասիրությունն է: Այս ուսումնասիրության ժամանակ հետազոտողներն ուսումնասիրել են 56 գեր տղամարդու և կնոջ, ովքեր սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեին: Ութ շաբաթ տևողությամբ ուսումնասիրության ընթացքում մասնակիցներն իրենց ճաշացանկ են ներառել պլացեբո ըմպելիքը կամ օրական մեկ բաժակ լոռամրգի հյութը, որը պարունակում էր 173 միլիգրամ հայտնի հակաօքսիդանտային հատկություններով ֆենոլային միացություններ: Կալորիականությունը ցածր պահելու համար հյութը սուկրալոզայով էին քաղցրացրել:

Ութ շաբաթ անց պարզ դարձավ, որ այն մասնակիցների մոտ, ովքեր լոռամրգի հյութ էին խմել՝ օր օրի բարելավվում էին այն նախանշանները, որոնք սրտի հիվանդության առաջացման գործոն էին հանդիսանում: Հյութ խմողների մոտ արյան ճնշումն ավելի ցածր էր, նվազել էր բորբոքումն ամբողջ օրգանիզմում, արյան մեջ շաքարի մակարդակն ավելի ցածր էր, և, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր պլացեբո ըմպելիք էին օգտագործել, նվազել էր ինսուլինի մակարդակը:

Ինչո՞ւ է լոռամրգի հյութն այսքան առողջարար

Շատ հետազոտողներ կարծում են, որ լոռամրգի հյութն իր սննդարար բաղադրության շնորհիվ է այդքան առողջարար: Այն ոչ միայն հարուստ է վիտամին C-ով, կալիումով և այլ կարևոր վիտամիններով ու միներալներով, այլև ֆենոլների և այլ ակտիվ միացությունների հարուստ աղբյուր է: Այս միացություններն ունեն հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ, որոնք կարող են նվազեցնել բորբոքումը, ինչպես նաև պաշտպանել և սնուցել արյունատար անոթներն ու սրտի հյուսվածքները, ինչն էլ իր հերթին՝ ապահովում է սրտի ընդհանուր լավ աշխատանքը:

Այսպիսով, ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լոռամրգի հյութը միայն միզուղիների համար չէ, որ լավ է (չնայած սա ևս շատ կարևոր է): Հատկապես իր մեջ պարունակվող մեծ քանակությամբ ֆենոլների և մյուս ակտիվ միացությունների շնորհիվ՝ լոռամրգի հյութի կանոնավոր օգտագործումը կարող է մեղմացնել սրտի հիվանդության կանխորոշիչ հանդիսացող շատ նշաններ և կանխարգելել այնպիսի լուրջ դեպքերը, ինչպիսին, օրինակ, ինֆարկտն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիանա Բալոյանը

Տեսանյութեր

Լրահոս