Օրենսգիրքս գաղտնի թող մնա

Ընտրական օրենսգրքի նախագիծը կառավարության նիստում հաստատվելուց հետո, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կուղարկվի Ազգային ժողով: ԱԺ նախագահն այն կուղարկի իրավասու հանձնաժողով, տվյալ դեպքում՝ Պետաիրավական հարցերի, որտեղ մուտք լինելուց 20 օր հետո քննարկման կդրվի հանձնաժողովի նիստում, այնուհետև կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: 2016 թվականի այս կարևորագույն փոփոխությունը, հիշեցնենք, պետք է կյանքի կոչվի մինչև հունիս: Սա Վենետիկի հանձնաժողովի պահանջն է:

Քաղաքական մեծամասնությունն ԸՕ նոր տարբերակն արդեն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով: Իշխանությունների «գլխավոր իրավաբանի» համբավը վայելող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ պատասխան դեռ չեն ստացել: Հանրապետականները խուսափում են բացահայտել նոր օրենսգրքում ներառված դրույթներն ու մեխանիզմները: Քաղաքական մյուս ուժերին միայն որոշ կցկտուր տեղեկություններ են հասնում: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ մինչև մարտի 10-ը նախագիծը կհասնի իրենց, իսկ մինչ այդ հրաժարվեց բովանդակային որևէ բան ասել:

«Չեմ խոսելու, մինչև նախագիծը չգա, չհասնի տեղ, բովանդակային որևէ բան չեմ ասելու: Քաղաքական գործիչները կարող են սիրողական մակարդակով խոսել, իսկ հանձնաժողովի նախագահն իրավունք չունի մի բան ասի, հետո նախագիծը գա, ուրիշ կարծիք հայտնի»,- ասաց Հ.Սահակյանը:

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարության, որ Վրաստանի լավագույն փորձը կիրառելի է նաև Հայաստանում, և հարևանների օրինակով մենք էլ պետք է մաքրենք ընտրացուցակները, Հ.Սահակյանն ասաց. «Մենք հայ ենք, հարևանի հարսը միշտ էլ սիրուն է: Մենք չգիտենք դեռ՝ ի՞նչ ենք անելու, ի՞նչ չենք անելու, դրա համար կգա նախագիծը, նոր կխոսենք»:

Կարդացեք նաև

Փորձեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից որոշ մանրամասներ ճշտել: Սակայն նա էլ խուսափողական պատասխաններ տվեց, ասաց, թե Ընտրական օրենսգրքում ներառված կետերից որևէ մեկը վերջնական չէ, բոլորը պետք է որոշի Ազգային ժողովը՝ քննարկումների արդյունքում. «Դա պարզապես նախագիծ է, և այնտեղ կան վիճելի, քննարկելի հարցեր, որոնք պետք է քաղաքական քննարկումների արդյունքում գան եզրահանգման»:

Ընդդիմադիրների մտահոգությունները, որ ռեյտինգային քվեարկությունը կարող է իմաստախեղել համամասնական ընտրակարգը, ու այն ավելի շատ կգործի մեծամասնական ընտրակարգի տարբերակով, Վ.Բաղդասարյանը չի կիսում. «Ես չեմ կարծում: Այնպիսի մոդելներ կառաջարկվեն, այնպիսի տարբերակներ կառաջարկվեն, որ դա ավելի համահունչ կլինի համամասնականի: Դրա համար էլ պետք է քննարկենք»:
Ի պատասխան հարցի՝ քաղաքական մեծամասնությունը որքանո՞վ է պատրաստ ընդունել ընդդիմադիրների առաջարկները, ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են բոլոր առաջարկները քննարկել: Մեր դիտարկմանը, որ քննարկելը դեռ չի նշանակում՝ ընդունել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե քննարկման արդյունքում խելամիտ առաջարկություններ կլինեն, մենք կընդունենք: Սա առաջին դեպքը չէ, նույնը եղել է սահմանադրական բարեփոխումների ժամանակ»:

Վ. Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել նաև Վրաստանի փորձի և ընտրացուցակները մաքրելու մասին՝ Արամ Մանուկյանի առաջարկը, եթե ՀԱԿ պատգամավորը ներկայացնի այն: Նա հավաստիացրեց, թե ՀՀԿ-ն էլ է մտածում, որ, իրոք, ցուցակները պետք է զտվեն:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ ավելի լավ կլինի, եթե ընդդիմադիր պլատֆորմը, որի ստեղծման շուրջ կուսակցությունները ներկայումս բանակցում են, ընդհանուր առաջարկներ ներկայացնի: Ըստ նրա՝ էական տարբերություն չկա, որ նախագիծն առանց քաղաքական մյուս ուժերի հետ քննարկման է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, առավել մտահոգիչ է տարածքների բաժանումն ու ռեյտինգային քվեարկությունը. «Մենք դեմ ենք դրան, որովհետև մարզային կամ տարածքային մակարդակում ռեյտինգային քվեարկությունը դա քողարկված մեծամասնական ընտրակարգ է, որն ավելի վատն է, քան գործող մեծամասնական ընտրակարգը:

Այդ դեպքում, օրինակ, անկուսակցական որևէ մեկը չի կարող առաջադրվել և ընտրվել, ինչպես ես եմ ընտրվել»: Է.Մարուքյանի կարծիքով՝ խնդրահարույց է նաև, որ իշխանությունները պատրաստ են այդ համակարգին, իսկ ընդդիմությունը՝ ոչ, հետևաբար՝ մի համակարգ է ներդրվում, որով միայն իրենք կարող են հաջողության հասնել. «Ի սկզբանե իրենց հաղթանակն ապահովում են, ընտրատեղամասերում կարող են կեղծիքները բացառել, բայց այդ մարզային ռեյտինգային համակարգն ի շահ իրենց ծառայեցնելով՝ գրանցեն հաջողություններ, ինչը չէին կարող անել, օրինակ, տեխնիկական համամասնական ընտրակարգով»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն առաջարկում է նախահարձակ լինել և ԸՕ-ի շուրջ իշխանություն-ընդդիմություն «մենամարտին» մասնակցել Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած սեփական նախագծի տարբերակով: Ըստ նրա՝ ընդդիմադիր բոլոր խմբակցությունները պետք է քննարկումներ ծավալեն, օրենսգրքի հետ կապված ընդհանուր ձևակերպումներ գտնեն և դիմեն Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու: Թ.Պողոսյանը նշեց, որ ցանկացած խմբակցություն կարող է նամակ ուղարկել Վենետիկի հանձնաժողով, օրինակ, անցած գումարման խորհրդարանում այդ քայլին դիմել էին ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», 2 տարի առաջ քառյակի համագործակցության ժամանակ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն միասին դիմել էին ընտրացուցակների հրապարակման հարցով, և այլն:

Այն, որ Հանրապետական կուսակցությունը ներքին նախագիծ է պատրաստել ու դիմել Վենետիկի հանձնաժողով՝ առանց քննարկելու մնացածների հետ, Թ.Պողոսյանի գնահատմամբ՝ խոսում է միայն մի բանի մասին՝ ՀՀԿ-ն չի ցանկանում համագործակցել և միասնական նախագիծ մշակել:

Թ.Պողոսյանը տարակուսանք հայտնեց նոր օրենսգրքում առաջարկված մասնակի էլեկտրոնային քվեարկության հետ կապված, ըստ որի՝ գրանցման փուլում ներդրվում է էլեկտրոնային եղանակ, երբ ընտրողն ընտրատեղամասում ստուգում է՝ արդյոք ընտրելու իրավունք ունի՞, թե՞ ոչ. «Ի՞նչ է նշանակում՝ մասամբ էլեկտրոնային եղանակ: Եթե միայն ստուգելու են, դա նշանակում է, որ մենք ոչ թե ունենալու ենք էլեկտրոնային քվեարկություն, այլ ունենալու ենք միայն էլեկտրոնային ստուգման մեխանիզմ: Եթե առաջ մարդկանց անձնագրերով էին ստուգում, հիմա ինչ-որ համակարգչով են նայելու: Դա չի կոչվում էլեկտրոնային քվեարկություն: Էլեկտրոնային քվեարկությունն այն է, որ էլեկտրոնային տարբերակով ես քվեարկում»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առանձնապես «մեծ ողբերգություն» չի համարում, որ ԸՕ նախագիծը Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել՝ նախքան քաղաքական ուժերի հետ քննարկելը: Նա հայտնեց, որ ԲՀԿ-ն նախապատրաստել է առաջարկների փաթեթ. «Կլինի՞ ընդունելի, կգնանք կոմպրոմիսների, կփորձենք ունենալ լավ փաստաթուղթ, չի՞ լինի՝ կերևա: Կապրենք՝ կտեսնենք»:
Ի տարբերություն մյուս ընդդիմադիրների՝ Ն.Զոհրաբյանը դեռևս մտահոգ չէ ռեյտինգային քվեարկության պատճառով. «Ռեյտինգայինն ունի տարբեր մոդիֆիկացիաներ, թե որն է ներառված փաստաթղթում, կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ կտեսնենք փաստաթուղթը»:

Տեսանյութեր

Լրահոս