«Բոլորից թաքուն պայմաններում այդ գործի քննությունը տեղի է ունեցել ժամը 11-ին». Վ. Գասպարիի պաշտպանը՝ բողոքի քննության ժամի մասին
Ինչպես հայտնի է, քրեական վերաքննիչ դատարանը երեկ վերացրեց ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշումը: Փաստաբանները հայտարարել էին, որ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը նշանակվել է 17:30-ին: Դատական նիստը, սակայն, տեղի է ունեցել երեկ առավոտյան, որի արդյունքում էլ Գասպարիին անհապաղ ազատ արձակելու մասին որոշում է կայացվել:
168.am-ը փաստաբան Տիգրան Եգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ նիստն ավելի շուտ է կայացել: «Շատ լավ հարց է, մենք դրան դեռ կանդրադառնանք: Ուղղակի, ճիշտն ասած, հիմա ես չէի ցանկանա այդ մասին հայտարարել, բայց անպայման մոտ ապագայում մենք դրան կանդրադառնանք:
Փաստերը հետևյալն են, թե մենք ծանուցվել ենք, թե վերաքննիչ քրեական դատարանում տեղադրված է հրապարակային ծանուցում առ այն, թե «Դատալեքս» կայքով տեղադրված է ծանուցում առ այն, որ Վարդգես Գասպարիի նկատմամբ կալանավորման գործով վերաքննիչ բողոքի քննությունը տեղի է ունենալու ամսի 26-ին՝ ժամը 17:30: Սակայն բոլորից թաքուն պայմաններում այդ գործի քննությունը տեղի է ունեցել ժամը 11-ին՝ ըստ մեր տեղեկությունների, հապճեպության պայմաններում, և կայացվել է այդ ակտը, որը մեզ հանձնվել է ժամը 16:15-ին միայն: Այս փաստերն են:
Հետո մենք մեր վերլուծությունը կներկայացնենք, և կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի և շատ ինտրիգային»,- ի պատասխան՝ ասաց Տիգրան Եգորյանը:
Մեր հաջորդ հարցին՝ արդյոք դատարանից իրենց որևէ կերպ, այդ թվում՝ հեռախոսազանգով, չե՞ն տեղեկացրել նիստ անցկացնելու մասին, փաստաբանը պատասխանեց. «Մեր գրասենյակ զանգահարել են և հարցրել են՝ արդյոք հնարավո՞ր կլինի, եթե մենք ժամը 11-ին նիստը տեղափոխենք: Մենք պարզաբանել ենք, մեր գրասենյակից պարզաբանել են, որ փաստաբանների մի մասը հարցաքննության է, մի մասը՝ այլ գործերի, և այլն, պարզաբանել ենք, որ հնարավոր չի լինի: Բայց, փաստորեն, դա ուղղակի հռետորական հարց է երևի եղել»