Բաժիններ՝

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը Հրաչյա Հարությունյանի հարազատներին ասել է՝ դեռևս պետք է սպասել

Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի նկատմամբ բռնություն և ճնշումներ են գործադրում: Այս մասին 168.am-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հայրն ունի առողջական լուրջ խնդիրներ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում):

Hrachya Harutyunyan’s daughter Lilit Harutyunyan02Հ. Հարությունյանն անազատության մեջ է արդեն մոտ 3 տարի: Հ. Հարությունյանի դուստրը մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ իր հայրն ունի ողնաշարի ճողվածք. «Ինքն այստեղ արդեն ուներ այդ խնդիրը՝ նախքան վթարի տեղի ունենալը, ուղղակի հիմա ավելի շատ է գլուխ բարձրացրել ու իրեն նեղություն է տալիս»:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք այնտեղ նա պատշաճ բուժզննում անցնո՞ւմ է, հետևո՞ւմ են նրա առողջական վիճակին: Ի պատասխան՝ Լիլիթն ասաց, որ ինքը շատ մանրամասներ չգիտի՝ ամեն ինչ նորմա՞լ է անցնում այնտեղ, թե՞ ոչ. «Բայց չեմ կարծում, որ այնպիսի բուժում կստանա, ինչպես որ հարկն է, բայց այնպես էլ չէ, որ աչքաթող են անում»:

Հարցին, թե ինչպե՞ս են շփվում և տեղեկություններ ստանում Հ. Հարությունյանից հարազատներն այստեղ, Լիլիթը պատասխանեց, որ իրենք չեն կարող կապվել անձամբ նրա հետ, սակայն տեղեկություններ են ստանում Մոսկվայում բնակվող իրենց հարազատներից: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նորություններ կան Հ. Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործից:

Ի պատասխան՝ նրա դուստրն ասաց, որ՝ դե՛, նորություններ չկան: Մեր այն հարցին՝ վերջին անգամ այդ հարցով պատկան մարմինների հետ ե՞րբ եք խոսել, և ի՞նչ են ասել, Լիլիթը պատասխանեց, որ 2-3 օր առաջ են հանդիպել և խոսել Արդարադատության նախարարի ներկայացուցչի հետ. «Դեռևս հստակ ոչ մի պատասխան չկա, ասում են՝ դեռևս պետք է սպասել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս