Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրման հարցը պետք է կարգավորվի. ԵԽ ԽՎ նախագահ
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի տարածքում առկա չկարգավորված խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունները պետք է արագ լուծում գտնեն:
«Եվրոպայում, որտեղ կան այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքն ու ժողովրդավարությունը, այդուհանդերձ, կան հակամարտություններ: Ճիշտ է, մենք անվանում ենք դրանք «սառեցված», սակայն դրանք սառեցված չեն: Հիմա մենք խոսում ենք Ուկրաինայի հակամարտության մասին, Ղրիմի հարցի, սակայն դրան զուգահեռ կան նաև Վրաստանի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտությունները, Մոլդովոյում՝ Մերձդնեստրի հարցը, Բալկանյան հակամարտությունը, ինչպես նաև արդեն 20 տարուց ավելի Լեռնային Ղարաբաղի ու դրան հարակից 7 շրջանների անօրինական օկուպացիան հարևան Հայաստանի կողմից, որը հակասում է միջազգային նորմերին: Այդ հարցն ամբողջությամբ սառեցվել է ու դրա կարգավորման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում: Չնայած հարցի կարգավորմանը ներգրավված են միջազգային կազմակերպություններ, տպավորություն է ստեղծվում, որ ոչ մի առաջընթաց չկա:
Կարծում եմ՝ այդ բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրման հարցը պետք է կարգավորվի»,- հայտարարել է ԵԽ ԽՎ նախագահը:
Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունտը փետրվարի 29-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ օրը նախատեսվում են հանդիպումները ԵԽ ԵՎ-ում Միլի մեջլիսի պատվիրակության անդամների, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, փաստաբանների հետ:
Վերջինս հանդիպում կունենա նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: