
ՄԱԿ-ի ԱԽ-ն աջակցել է Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագրին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացրած բանաձևի տեքստը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, հայտնում է BBC-ն:
Զինադադարն սկսվել է փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 02.00-ին): Կրակի դադարեցման մասին համաձայնագրին աջակցել է Սիրիայի չափավոր ընդդիմությունը:
ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն ընդունված բանաձևն անվանել է «կարևոր կոլեկտիվ քայլ» հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին:
Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է զերծ մնալ ավիահարվածներից այն սիրիական խմբավորումներին, որոնք համարվում են չափավոր ընդդիմություն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար, որը աջակցում է Սիրիայի կառավարությանը, եկել է ժամանակ, երբ նա պետք է պատասխանատվություն կրի իր խոսքերի համար: Մոսկվան պետք է ցուցադրի, թե որքան լուրջ է վերաբերվում Սիրիայում զինադադարին:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Մոսկվան փետրվարի 22-ին հայտարարեցին Սիրիայում ռազմական գործողությունների պայմանների ու ժամկետների շուրջ համաձայնության գալու մասին:
Սիրիայի իշխանություններն ու միավորված ընդդիմությունը հայտարարեցին, որ ընդունում են պայմանագրի պայմանները: