
«Նաիրիտում» սարքավորումները գույքագրում են՝ որպես մետաղի ջարդոն

«Նաիրիտ» գործարանում կատարվող գույքագրման շրջանակներում հիմնականում գյույքագրում են արտադրամասերի սարքավորումները: Ընդ որում, 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գնահատում են ոչ թե սարքավորումների վիճակը, այլ դրանք դիտարկում են՝ որպես մետաղի ջարդոն: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ խնդիր է դրված ամեն գնով հնարավորինս շատ գումար ապահովել:
Նաիրիտցիները մինչև այսօր իրենց գումարների մասին չէին խոսում, այն գումարների, որոնք նրանցից ստիպողաբար պահեցին՝ «Նաիրիտ 2»-ի հետ պարտադրելով կնքել պայմանագիր՝ աշխատավարձերի ուշացման արդյունքում գոյացած տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին: Հիմնական մոտիվացիան այն էր, որ գումարները մնան հարազատ գործարանին ու նպաստեն վերագործարկմանը: Սակայն նաիրիտցիներից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ, երբ իմացան, որ արդյունքում «Նաիրիտ 2»-ն է շահելու, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել է գործարանի պարտքերի դիմաց գույք վերցնել, այժմ պահանջում են իրենց հասանելիքը: Այլապես, ասում են նաիրիտցիները, եթե մասնավոր անձինք չփորձեին ձեռքերը տաքացնել, իրենց տոկոսների մասին աղմուկ չէին բարձրացնի: