Բաժիններ՝

«Փախիր կամ ամուսնացիր». հայկական նոր հումորային, արկածային ֆիլմը զերծ է գռեհկաբանությունից և ժարգոնային լեզվից

Այսօր «Յուքոմ» ընկերության Ամիրյան մասնաճյուղում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որ նվիրված էր հայկական արտադրության նոր կատակերգության՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային: Ասուլիսին մասնակցեցին ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը, «Persona Grata Group»-ի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը և «Յուքոմ» ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Հումորային և արկածային նոր ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա: Գլխավոր հերոսը կենսուրախ և փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Մի օր, սակայն, նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում իր սեփական հարսանիքից փախած հարսնացուն:

Ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ֆիլմի մասին համառոտ պատմեց.

«Ֆիլմը մի տղայի մասին է, ով տաքսի է վարում: Դա հասարակ մեքենա չէ, այլ տղայի հորից մնացած ժառանգություն, ով երկար տարիներ աշխատել է «Երազ» գործարանում և հենց առաջին «Երազի» ստեղծողն է: Մեքենայի նախագիծն ինչ-ինչ պատճառներով Մոսկվայի կողմից չի հաստատվում, չեն ընդունում, ինչի արդյունքում՝ հայրն այն նվիրում է տղային: Գլխավոր հերոսը` Աղասիկը, իր տաքսիով մի պատմության մեջ է ընկնում, որն էլ պատճառ է դառնում, որ հերոսի կյանքը լիովին վերափոխվի: Հետաքրքիր է, որ այս մեքենան հատուկ ֆիլմի համար է ստեղծվել»:

Կարդացեք նաև

Ֆիլմի վերնագիրը՝ «Փախիր կամ ամուսնացիր», ընտրվել է ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանի և պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանի կողմից: Գլխավոր դերակատարուհու՝ երգչուհի Իվետա Մուկուչյանի ընտրության հարցում նույնպես որոշիչ նշանակություն է ունեցել Մկրտիչ Արզումանյանի նախընտրությունը: «Իվետայի ընտրությունն ինչ-որ առումով ռիսկային էր, որովհետև, ինչպես գիտեք, նա երբևէ նման՝ կոմիկական դերով հանդես չի եկել, բայց նրա հետ աշխատելով՝ բացահայտեցինք, որ նա շատ աշխատասեր է, նկատում էի, որ ամեն օր փորձից հետո գնում է տուն և աշխատում է իր վրա: Մենք Skype-ով օրական մի քանի ժամ միասին աշխատում էինք, իսկ վերջում հասկացա, որ ստացել ենք այն, ինչ ուզում էինք»,- նկատեց Մկրտիչ Արզումանյանը:

Actor Mkrtich Arzumanyan, founder of 'Persona Grata Group' , producer Tigran Hambardzumyan and 'Ucom' company's marketing and communications director Tigran Safaryan gave a press conference at 'Ucom'

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը հայկական արտադրության հերթական դրամարկղային ֆիլմերից է, որը, սակայն, ըստ ստեղծողների՝ մի մեծ առավելություն ունի. այն զերծ է ամեն տեսակի գռեհկաբանություններից, և, ինչպես Մկրտիչ Արզումանյանը նկատեց, այս ֆիլմում փորձ է արվել զերծ մնալ ժարգոնային խոսակցական տարրերից: Ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը հավատացնում է, որ սա ֆիլմ է ցանկացած տարիքի ու նախասիրության տեր հանդիսատեսի համար:

Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը, ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը: Ֆիլմում օգտագործվել է կոմպոզիտոր Տիգրան Գրիգորյանի երաժշտությունը:

Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մարտի 3-ից և հասանելի կլինի քաղաքի բոլոր կինոթատրոնների այցելուների համար:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս