
«Բայց իրենց ի՞նչ ցավն է: Ուզում են՝ Քոչարյանն անպայման գա՞, հա՞, է՞դ են ուզում». Արմեն Ռուստամյան

«Զարմանալի է՝ Ռոբերտ Քոչարյանին օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որն այդ անձի հետ երկար տարիների համագործակցության պատմություն ունի»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն Դաշնակցության հետ համագործակցելով՝ փորձում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնել:
Նրա խոսքով՝ այն մարդիկ են դրա մասին հայտարարում, որոնք Ռոբերտ Քոչարյանին ինչ անուն ասես՝ փակցրել են, համարել են ազգի դավաճան. «Հիմա դարձան նրա պաշտպանը, հա՞»:
Դիտարկմանը, թե չեն պաշտպանում, ասում են՝ համագործակցում են ձեզ հետ, որ Ռ. Քոչարյանը չկարողանա հետ գալ, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց.
«Բայց իրենց ի՞նչ ցավն է: Նրանք ուզում են՝ Քոչարյանն անպայման գա՞, հա՞, է՞դ են ուզում, այդ ե՞րբ են ուզել՝ մենք չենք իմացել: Մենք Քոչարյանի դեմ երբեք չենք եղել, ընդհակառակը՝ մենք Քոչարյանի հետ համագործակցել ենք, և այն, ինչ մենք անում ենք, պաշտպանել ենք նաև, երբ եղել ենք այդ համագործակցության մեջ: Մենք այսօր էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ, ու, եթե նա կորոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, մենք միայն կողջունենք դա»:
Հարցին՝ եթե նա վերադառնա, դուք պատաստ կլինե՞ք դուրս գալ ՀՀԿ-ի հետ համագործակցությունից ու նրա հետ ծավալել ավելի լայն համագործակցություն, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց.
«Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, մենք համագործակցում ենք մեզ համար կարևոր հռչակված հարցերի շուրջ: Այդ հարցերն ով կընդունի, մենք պատրաստ կլինենք նրանց հետ համագործակցել: Եթե երկու ուժ համագործակցում են, դա ինչ-որ երրորդի դե՞մ է. աբսուրդ է դա»:
Դիտարկմանը, թե իշխանությունները միգուցե ձեզ որպես գործիք են օգտագործում՝ իրենց այդ հեռահար նպատակների համար, ՀՅԴ խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց.
«Ոչինչ, թող մեր ծրագրերն իրականացնելու համար մեզ որպես գործիք օգտագործեն: Հո ՀՅԴ-ն ինքնանպատակ չի՞ ստեղծվել, ստեղծվել է հայ ժողովրդին ծառայելու համար»: