
«Պլան Բ» չկա ու չի լինի երբեք. Լավրովը հերքել է Սիրիայի հարցով ամերիկյան կողմի այլընտրանքը

Ռուսաստանը չի ընդունի ամերիկյան կողմի «պլան Բ»ն՝ Սիրիայի հարցով առաջարկությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում խոսքերը մեջբերում է TASS-ը:
«Պլան Բ»-ի հարցով բոլորն ասացին՝ այն չկա ու չի լինի երբեք: Ոչ ոք չի ունենա»,- հայտարարել է դիվանագետը՝ հավանաբար նկատի ունենալով Մոսկվային ու Դամասկոսին:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում կրակի դադարեցման պայմանների շուրջ համաձայնության գալու մասին: Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը չի տարածվում ԴԱԻՇ-ի, «Ան-Նուսրայի» ու մյուս կազմակերպությունների վրա, որոնց ՄԱԿ-ի ԱԽ-ն ճանաչել է ահաբեկչական:
Վաշինգտոնը, մեկնաբանելով պայմանագիրը, ակնարկել էր, որ ունի այլընտրանքային պլան, եթե զինադադարը խափանվի:
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի Սենատի առաջ ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» աջակցության համար անհրաժեշտ կլինի 15-30 հազար զինվոր:
«Պենտագոնի գնահատմամբ՝ երկրի հյուսիսում իսկական անվտանգության գոտու ապահովման համար մեզ հարկավոր է 15-30 հազար զինվոր: Մենք պատրա՞ստ ենք դրան գնալ»,- հայտարարել է Քերին: