Սիրիայում անվտանգության գոտու համար հարկավոր է 30 հազար զինվորական. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» աջակցության համար անհրաժեշտ կլինի 15-30 հազար զինվոր: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ի Սենատի առաջ ունեցած իր ելույթում, հայտնում է ABC-ն:
«Պենտագոնի գնահատմամբ՝ երկրի հյուսիսում իսկական անվտանգության գոտու ապահովման համար մեզ հարկավոր է 15-30 հազար զինվոր: Մենք պատրա՞ստ ենք դրան գնալ»,- հայտարարել է Քերին:
Նշենք, որ Վաշինգտոնում քննարկում են Սիրիայում գործողությունների պլան «Բ»-ն, որը նախատեսում է ցամաքային օպերացիայի անցկացում այն դեպքում, եթե կրակի դադարեցման մասին համաձայնագիրը խախտվի:
Մոսկվան քննադատել է Քերիի հայտարարությունն այլընտրանքային պլանի մասին՝ նշելով, թե դրա մասին խոսելը դեռ վաղ է:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում կրակի դադարեցման պայմանների շուրջ համաձայնության գալու մասին:
Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը չի տարածվում ԴԱԻՇ-ի, «Ան-Նուսրայի» ու մյուս կազմակերպությունների վրա, որոնց ՄԱԿ-ի ԱԽ-ն ճանաչել է ահաբեկչական: