
«Ընդունված որոշումը կնպաստի թեթև արդյունաբերության զարգացմանը». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունը թույլատրեց «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ «ՎԿՍ Արմենիա»-ն 2007թ.-ից գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխա տում է տոլինգային եղանակով՝ արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա՝ կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի տրամադրած հումքով և սարքավորումներով:
Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2013թ. ընկերությունը ձեռք է բերել սեփական տարածք: Ըստ Մինասյանի՝ ընկերությանն արտոնություն տրամադրելը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման համար:
«Ընդունված որոշումը կնպաստի թեթև արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- անդրադառնալով որոշմանն՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: