«Եթե այն ժամանակ համագործակցությունը լինում էր կուլիսներում, հիմա արդեն բացահայտված համագործակցություն պետք է լինի». Վահրամ Բաղդասարյան

«Խնդրում եմ՝ ձևակերպումների մեջ ավելի գրագետ լինենք. դա եղել է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, և, բնականաբար, հնարավոր են տարբեր քննադատություններ, դատարկախոսները պետք է նման ձևով վերաբերվեն ու ասեն, որ դատարկամտություն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ընդդիմադիրների քննադատությունների մասին՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրի հետ կապված՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ նոր Սահմանադրությունից բխող, ինչո՞ւ չէ, նաև փետրվարի 12-ից հետո հանրապետության նախագահի ելույթից բխող դրույթների և դրանց իրագործման համար անխուսափելի է համագործակցությունը, և պառլամենտական համակարգն ինքնըստինքյան ենթադրում է համագործակցություն. «Այդ դատարկախոսները, որոնք դատարկություն են համարում, ինձ թվում է՝ տարիների ընթացքում նրանք էլ պետք է համագործակցության գան, և այդ ժամանակ խնդրում եմ՝ դուք հիշեցրեք այդ համագործակցության եկող քաղաքական ուժերին: Համագործակցություն ասելով՝ լրագրողները միանգամից պորտֆելներ են հասկանում, եթե այն ժամանակ համագործակցությունը լինում էր կուլիսներում, հիմա արդեն բացահայտված համագործակցություն պետք է լինի»:

Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՅԴ-ի հետ կուլիսների հետևում եղե՞լ է համագործակցություն, ՀՀԿ ղեկավարն այսպես պատասխանեց. «Ընդհանրապես: Օրինակ, ՄԻ պաշտպանը ՀՀԿ-ի թեկնածուն էր, հավաքեց 96 ձայն, հիմա եղե՞լ է համագործակցություն, թե՞ չի եղել: Իսկ հիմա մենք բացահայտ համագործակցություն ենք հայտարարել: Խորհրդարանական համակարգի ժամանակ մենք պետք է համագործակցենք և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, և՛ համագործակցող ուժերի հետ: Տարբեր ֆորմատներով մենք պետք համագործակցենք բոլոր քաղաքական ուժերի հետ, և ոչ միայն՝ պառլամենտական, նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության հետ»:

Հարցին՝ ուզում եք ասել՝ Նիկոլ Փաշինյանի հետ է՞լ եք դուք համագործակցում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Եղել են դեպքեր, որ օրենքների հետ կապված մենք համագործակցել են նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի նման բանիմաց քաղաքական գործչի հետ ես բանակցություն չվարեմ, կամ Զարուհի Փոստանջյանի, կամ մյուսների հետ»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում ձեզ հետ համագործակցության առումով կան խնդիրներ, մի մասն ուզում են համագործակցել ձեզ հետ, մյուս մասը՝ ոչ, ՀՀԿ ղեկավարը պատասխանեց, որ իրենք համագործակցում են ԲՀԿ-ի հետ. «Ի՞նչ են հասկանում՝ կոնկրետ համագործակցություն ասելով»: Դիտարկմանը, թե նկատի ունեն կոալիցիա կազմել, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Պաշտոնների հետ կապվա՞ծ եք ասում: Նման հարց չի քննարկվել, բայց համագործակցում ենք»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ եք ՀՅԴ-ի հետ պաշտոններով համագործակցում, նրանց հետ՝ այլ ֆորմատով, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Որովհետև քննարկումների արդյունքում մենք եկել ենք այն գաղափարական մոտեցումներին, որ մենք ընդհանուր ճանապարհ ունենք գնալու: Կգա ժամանակը՝ կգան այլ ուժեր, մենք չենք խուսափում նրանց հետ էլ համագործակցել ու ասում ենք, որ սա ամեն ինչի սկիզբն է, մի շտապեք»:

Տեսանյութեր

Լրահոս