Բաժիններ՝

«Պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ կտա Իրանի հետ համագործակցության առումով». Արեգ Գալստյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այսօրվա քննարկմանը՝ խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, նշեց, որ Հայաստանն արդեն տարբեր փոխշահավետ ծրագրեր ունի Իրանի հետ: Որպես այդպիսին` նա նշեց Իրան-Հայաստան գազամուղը, Երևանի ՋԷԿ-ի հետ Իրանի ծրագիրը, երբ գազի դիմաց էլեկտրաէներգիա ենք փոխանցում. «Իրավիճակը փոխվել է մեզ համար նույնպես: Մեզ հաջողվել է ակտիվ դեր ստանալ նաև սևծովյան նախագծում»:

Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, նոր հնարավորություններ է տվել ՀՀ-ին հնարավոր վերադարձի համար՝ էներգետիկայի համակարգ:

Ա. Գալստյանի խոսքով՝ պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ կտա Իրանի հետ համագործակցության առումով. «Նախատեսվում է մինչև 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը, ինչի արդյունքում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը 2021թ.-ին կկազմի 700 ՄՎտ: 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման՝ թվով երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումը սկսվեց այս օգոստոսին, և որի ավարտից հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու հարևանների միջև հասցնել մինչև 1200 ՄՎտ հզորության»:

Անդրադառնալով Հայաստան ներմուծվող ռուսական գազի գնի իջեցման վերաբերյալ բանակցություններին, նա նշեց, որ դժվար է կանխատեսել, թե այն ինչպես կավարտվի. «Ամեն դեպքում լավ կլիներ, եթե գազի գինն ավելի էժան լիներ, ինչը մեր տնտեսությունում հավելյալ հնարավորություն կլիներ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս