
ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներկրումը կարգավորող օրենսդրությունը կվերանայվի

Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացների կողմից ներկրված մեքենաների՝ ավելացված արժեքի հարկով հարկման խնդիրը: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ: Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում: Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում՝ ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ավելացված արժեքի հարկի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարագ լրացուցիչ հարց մտցնել՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ավելացված արժեքի հարկով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: