Ննջարանը մաքրելու զուր վիճաբանելու ընթացքում Հայկազ Բարսեղյանին մե՞կ հարված է հասցվել
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված քրեական գործի քննությունը:
Այս քրեական գործի շրջանակներում Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ N զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մակտկոցի կուրսանտ, կոչումով շարքային, 2015թ. հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, 2015թ. հունվարի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:
Այսօր դատարան էին ներկայացել Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ու նրա փաստաբան Գարիկ Գալիկյանը, ովքեր այս գործով դատավարական կարգավիճակ չունեն. դատարանում քննարկվում էր նրանց՝ գործում ներգրավվելու հարցը: Մեղադրող Հայկ Հարոյանն ասաց, որ այս քրեական գործի շրջանակներում Հայկազ Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել` նրա մահվան հիմքում, ոտնձգությունը փոխադարձ է եղել, փոխադարձ գործողություններից երկուսն էլ տուժել են: Նա նշեց, որ այս պայմաններում տուժողի իրավահաջորդի ներգրավման հարց չպիտի քննարկվի: «Որպես լրացուցիչ երաշխիք՝ դատավարության անկողմնակալության և պատժի հետ կապված, թողնում եմ Ձեր հայեցողությանը»,- ասաց մեղադրողը:
Կարեն Բաղրամյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանն ասաց, որ առարկություն չունեն, որ Հայկազ Բարսեղյանի հայրն ու ներկայացուցիչն այս գործով որպես կողմ մասնակցեն. մանավանդ ցանկալի կլինի լսել Հայկազ Բարսեղյանի հոր դիրքորոշումը, քանի որ Կարեն Բաղրամյանի անունը շատ է շոշափվում այլ քրեական գործով: Դատարանը որոշեց Հայկազ Բարսեղյանի հորը ներգրավել՝ որպես տուժողի իրավահաջորդ, իսկ փաստաբան Գարիկ Գալիկյանին՝ որպես նրա իրավահաջորդ:
Դատարանում այսօր ամբաստանյալ Կարեն Բաղրամյանը պնդեց դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Արագացված կարգով դատական քննության արդյունքում դատարանը բացառապես մեղադրական դատավճիռ է կայացնում, նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա՝ առավել մեղմ պատիժը:
Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, հայտարարեց, որ նյութերում գրված է, որ Կարեն Բաղրամյանը հարվածներ է հասցրել Հայկազ Բարսեղյանի մարմնի տարբեր հատվածներին, սակայն վկաները ցուցմունք են տվել, որ մի հարված է եղել՝ Հայկազ Բարսեղյանի շրթունքին: Դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը՝ կողմին հնարավորություն տալով ծանոթանալ քրեական գործի բոլոր նյութերին:
Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 22-ը: