Պուտինը Ռոուհանիի հետ քննարկել է Սիրիայի զինադադարին առնչվող հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Երկրների ղեկավարները կարևորել են համատեղ աշխատանքը Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շարունակության հարցը:
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է սիրիական խնդրին, մասնավորապես՝ նախաձեռնություններին ու առաջարկություններին, որոնք պարունակվում են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ՝ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն-Աբդել Ազիզ ալ-Սաուդի հետ՝ բացատրելով Սիրիայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հայտարարության էությունը: