Բաժիններ՝

Հայտնաբերվել է այրված դի. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգում տղամարդու այրված դիակ հայտնաբերելու դեպքի առթիվ։

2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի՝ բռնության հետքերով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը՝ ավագ քննիչ Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ։

Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դիակ՝ բռնության հետքերով, այրված: Դիակը հայտնաբերել են Նորամարգ գյուղի երկու բնակիչ՝ հիշյալ հատվածում որս կատարելու ժամանակ, և ահազանգել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում փետրվարի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են այրված բաճկոնի հետքեր, ջրատարին հարակից դաշտամիջյան հատվածից վերցվել են ածխացած խոտի համապատասխան նմուշներ, ջրատարից վերցվել է ջրի նմուշ։

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները։ Որոշում է կայացվել դիակից արյան և ոտնաթաթի եղունգների նմուշներ վերցնելու մասին:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական փորձաքննություններ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կոնկրետ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին:

Քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս