Էրդողանը ՆԱՏՕ-ի համար աքիլլեսյան գարշապար է դարձել. Huffington Post
ՆԱՏՕ-ի երկրները պետք է սթափ գնահատեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամեն օր ավելացող հանցագործությունների թիվն ու որոշեն՝ հարկավո՞ր է արդյոք իրականում իրենց նման դաշնակից, գրում է Huffington Post-ը:
Դեռևս վերջերս ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին էլ կարող պատկերացնել, որ իրենցից մեկը կդավաճանի մյուսներին: Դաշինքն անգամ չունի ֆորմալ մեխանիզմ՝ իր շարքերից հեռացնելու երկրին, եթե նրա վարքագիծը դուրս է գալիս վերահսկողությունից: Սակայն հիմա նման պահ է հասունացել: Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից հեռացել է այնքան, որ սկսել է աջակցություն ցուցաբերել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին՝ Արևմուտքի դեմ մղած պայքարում, ընդգծում է պարբերականը:
Երբ Ռեջեփ Էրդողանը եկավ իշխանության, երկիրը կտրուկ շրջադարձ արեց դեպի ավտորիտարիզմ և կրոնական պահպանողականություն, կորցրեց բարեկամներին ու ներքաշվեց հակամարտությունների մեջ, որոնք ի վիճակի չէ ավարտել՝ սկսած քրդերի դեմ պայքարի թեժացումից ու ավարտած ռուսական խոցված ինքնաթիռով: Այն ժամանակ, երբ այդ կոնֆլիկտները դառնում են ավելի ու ավելի լարված, թուրքական քաղաքների փողոցներում ռումբեր են պայթում, իսկ հակառակորդներն ավելի են մոտենում պետության սահմաններին, Էրդողանը շարունակում է ՆԱՏՕ-ից պահանջել անվերապահ աջակցություն, գրում է հոդվածագիրը:
Դաշինքի երկրները, սակայն, ոչ մի պարագայում չպետք է տրվեն Անկարայի սադրանքներին, որը պահանջում է, որ նրանք իրեն պաշտպանեն, կարծում է հոդվածագիրը: Դրա փոխարեն ՆԱՏՕ-ի պետությունները պետք է գործարկեն գործընթաց, որը կօգնի որոշել՝ կա՞ արդյոք արդարացում Էրդողանի ու ԴԱԻՇ-ի համագործակցությանը:
«Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է պաշտոնապես Թուրքիային հեռացնի ՆԱՏՕ-ից, մինչ նրա աճող ագրեսիան միջազգային հանրությանը չներքաշի երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- եզրափակում է հոդվածագիրը: