Օբյեկտիվ քննության նպատակով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք տալու վերաբերյալ գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
2015 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեում քաղաքացիներ Հրանտ Գ.-ն և Գևորգ Պ.-ն անհիմն վիճաբանության մեջ են մտել ՀՀ ոստիկանության ծառայող Սարգիս Խ.-ի հետ, և երբ վերջինս փորձել է կարգի հրավիրել նրանց, Գևորգ Պ.-ն սպառնացել է բռնություն կիրառել Սարգիս Խ.-ի նկատմամբ:
Հրանտ Գ.-ն և Գևորգ Պ.-ն ոստիկանության ծառայողների կողմից հիշյալ վայրից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Հրանտ Գ.-ն հայտնել է, որ դեպքի օրը` վիճաբանության ընթացքում, ոստիկանության ծառայողը ձեռքով մի քանի անգամ հրել է իրեն, որի արդյունքում վայր է ընկել: Այնուհետև վիճաբանությանը միջամտել է իր ընկեր Գևորգ Պ.-ն, ում ոստիկանության նույն ծառայողը հարվածել է ոտքով, ինչի պատճառով նա ևս վայր է ընկել, որից հետո իրենք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: