Նեպալում ինքնաթիռի կործանման հետևանքով 23 մարդ է զոհվել
Նեպալի արևմուտքում անհետացած ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 23 մարդիկ զոհվել են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ձեռնամուխ են եղել փրկարար ծառայությունները: Ինքնաթիռի բեկորներն արդեն հայտնաբերվել են, հայտնել է Նեպալի ավիացիայի նախարարը AFP-ին տված հարցազրույցում: Նա տեղեկացրել է, որ ինքնաթիռի բեկորների մոտ տեսանելի են նաև զոհերի մարմինները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Tara Air ընկերության Twin Otter ինքնաթիռը չվերթ է իրականացրել Պոկխարից Ջոմսոմ:
Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր թռիչքից 18 րոպե անց:
Նեպալի ավիացիան լավ ցուցանիշներով չի կարող աչքի ընկնել: 2013թ. Եվրամիությունը արգելեց Նեպալում տեղակայված ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել ԵՄ բոլոր 28 անդամ երկրների տարածքում:
1949-ից ի վեր, ինչ Նեպալում վայրէջք կատարեց առաջին ինքնաթիռը, այնտեղ տեղի է ունեցել ավելի քան 70 ավիաաղետ, որին զոհ է գնացել 700 մարդ: