Վարդան Այվազյանի պատասխանը Հրանտ Բագրատյանին՝ «Սելը ճռալու տեղը սելվորն ա ճռում»
«Լավ ա, էլի, ասում ա՝ սելը ճռալու տեղը սելվորն ա ճռում: Դուք լինեք վարչապետ, ես՝ տնտեսական դաշտն ավիրող: Սենց լավ ա ստացվում»,- այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նա հորդորեց կարդալ օրենքները և մեջբերեց ՀՀ-ի և ԵՏՄ-ի պայմանագրից, որի հիման վրա 1000 դրամ տուրք է սահմանվում ԵՏՄ շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման և երրորդ երկրներ արտահանման լիցեզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր տրամադրելու համար. «Սա Ձեզ կետը, սա էլ պայմանագիրը»:
Վ.Այվազյանը Հ.Բագրատյանին մեղադրեց միայն տեսախցիկների առջև ելույթներ ունենալու մեջ ու նշեց, որ բովանդակային քննարկումներ ընթանում են հանձնաժողովում, որի նիստերին նա չի մասնակցում. «Հասկանում եմ կամերաների նկատմամբ Ձեր սերը, էս դրսևորումները: Տնտեսական դաշտը ավիրելու մեջ ինձ մեղադրելը, օրինակ, դա ես մի քիչ քիչ եմ հասկանում»: