Բագրատյանն ու Այվազյանը վիճեցին. «Գոռալո՞վ ենք հարց լուծում»
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման և երրորդ երկրներ արտահանման լիցեզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր տրամադրելու համար կսահմանվի 1000 դրամ տուրք: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը:
Է. Տարասյանը նշեց, որ տուրքի նվազագույն չափ է սահմանվել, որպեսզի տնտեսվարողների համար բեռ չլինի: Ըստ նրա՝ ԵՏՄ մյուս երկրներում այդ տուրքը շատ ավելի բարձր է:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ո՞ր պայմանագրի ո՞ր կետով է այս տուրքը սահմանվում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, թե փաստաթուղթը ԵՏՄ հիմանկան պայմանագիրն է, իսկ կետն ընդմիջմանը ցույց կտա: Բագրատյանի պնդմանը, որ Այվազյանը կոնկերտ պատասխանի իր հարցին, Այվազյանը բորբվոքվեց ու կրկնեց, որ ընդմիջմանը ցույց կտա կետը ու չէր կարող պայմանագրի հսկա հատորը բերել. «Ա~յ քեզի բան»:
Հ.Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ գոռալով հարց չի լուծվում, ու դրա համար ինքն արդեն հանձնաժողովի նիստերին էլ չի գնում. «Անիմաստ է գալ հանձնաժողովի նիստին ու իրար перекричать: Գոռալո՞վ ենք հարց լուծում»: Նա բնական համարեց պահանջը, որ փաստաթղթի հիմքերը պետք է ըստ պատշաճի ներկայացված լինեին:
«Ժողովո´ւրդ, մենք հիմա լիցենզավորում ենք մի բան, որը դադարեցվել է լիցենզավորել 1989 թ. ապրիլի 4-ից, Ռիժկովի հայտնի որոշումից հետո: Սա կատակ բան չի, 1 դրամի կամ 1000 դրամի խնդիր չի: Այդ գործունեությունն այլևս լիցենզավորվում է: Մենք ստեղծում ենք հերթական խոչընդոտը, հերթական արգելքը ՀՀ արտաքին առևտրատնտեսական գործունեության մեջ»,- ասաց Հ.Բագրատյանը: