Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին՝ խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, 1988 թվականին ծնված Կ.Ղուկասյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բնակելի շենքի մոտ բարձրաձայն հնչեցրել է հայհոյանքներ, չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու օրինական պահանջներին: Ավելին՝ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների՝ ավագ տեսուչի և վերջինիս կանչով դեպքի վայր ժամանած օպերլիազորի նկատմամբ: Ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո Կ.Ղուկասյանը շարունակել է հայհոյել ՝ այսպիսով խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը, բռունցքով հարվածել ոստիկանության բաժնի պետի տեղակալին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս