Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԻՊ թեկնածուին. «Ինչո՞վ եք վստահ, որ հանրությանը կապացուցեք, որ իշխանության դրածոն չեք»
«Մարդու իրավունքների նախկին 3 պաշտպանները հռչակվեցին իշխանության մարդ, բոլոր 3-ն էլ՝ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը և Կարեն Անդրեասյանը, այդ պաշտոնին հրաժեշտ տվեցին տարբեր պատճառներով: Ձեզ ներկայացրել է քաղաքական մեծամասնությունը, Դուք արդարադատության փոխնախարարն եք, իշխանության ներկայացուցիչն եք, ինչո՞վ եք վստահ, որ հանրությանը կապացուցեք, որ իշխանության դրածոն չեք»,- նման հարցադրում այսօր ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ա.Թաթոյանը հավաստիացրեց, թե քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված լինելը որևէ նշանակություն չի կարող ունենալ իր գործունեության վրա: Ըստ նրա՝ ՄԻՊ-ը պաշտպանված է ուժեղ սահմանադրական և օրենսդրական երաշխիքներով և պարզապես պետք է ճիշտ աշխատանքային դիրքորոշում ընդունել: Ա.Թաթոյանը որպես ՄԻՊ պաշտոնում իր անկախության գրավական բերեց իր բարոյական սկզբունքները, որ որքան էլ բարդություններ եղել են, ինքը փորձել է գտնել լուծումներ. «Ամբողջ աշխարհում է ընդունված պրակտիկա, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչներն են աշխատում ՄԻՊ-եր: Արդարադատության նախարարությունում ես իրականացրել եմ բացառապես մասնագիտական աշխատանք»: