Հիվանդությունների բացակայությունը դեռ առողջություն չէ
Առողջ է համարվում այն մարդը, ով առանձնանում է հորմոնալ զարգացածությամբ եւ լավ հարմարված է շրջակա ֆիզիկական եւ սոցիալական միջավայրին։ Հիվանդությունների բացակայությունը դեռ առողջություն չէ, այլ պարզապես դրական մի բան, կյանքի կողմից տրվող պարտականությունների հաճույքով կատարում։ Նման դիտարկում արեց գինեկոլոգ Նելլի Ավագյանը փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում: «Առողջ ապրելակերպ ասելով չպետք է հասկանալ միայն «չիկարելիներ»: Դրա միջոցով հնարավոր է մարդն իր կյանքը երկարացնի և ավելի առողջ կյանքով ապրի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գինեկոլոգ Նելլի Ավագյանը: Նրա խոսքով՝ առողջ ապրելակերպը միայն սահմանափակումները չեն: Յուրաքանչյուրը պետք է հետևի որոշ կանոնների, որպեսզի կարողանա իրեն տրված կյանքը վայելել առանց հիվանդությունների:
«Շատ հաճախ առողջ ապրելակերպ ասելով հասականում ենք բարդ, թանկարժեք ինչ-որ գործընթաց և մարդկային ալարկոտությունը մեզ խանգարում է ճիշտ սնվել, ֆիզիկապես լինել ակտիվ և կատարել այն բոլոր խորհուրդները, որոնք մենք լսում ենք ու գրեթե բոլորս էլ գիտենք»,–նշեց ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանը:
Նրա կարծիքով` առողջ ապրելակերպը իր մեջ ենթադրում է ճիշտ սննդակարգ, որը պետք է հագեցած լինի առողջ սննդատեսակներով: Յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի բանջարեղեն, որով Հայաստանը բավականին հարուստ է, կաթնամթերք, ցուցաբերի չափավոր ֆիզիկական ակտիվություն, որը չի պահանջում որևէ ֆինանասական միջամտություն: Առողջ ապրելակերպը պետք է քարոզվի մանուկ հասակից:
«Ոչ առողջ սնունդ օգտագործելու արդյունքում տարիների ընթացքում մարդը ձեռք է բերում ավել քաշ: Գիրությունը իր հերթին շատ հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում՝ սիրտ-անոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ և այլն: Քաղցկեղի առաջացման պատճառներից են այն ռիսկի գործոնները, որոնք պետք է մասամբ վերացվեն՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սպորտով չզբաղվելը և սխալ սնունդը,- նշեց գինեկոլոգ Նելլի Ավագյանը: