Ռուսաստանի զբոսաշրջիկները չեն հրաժարվի Թուրքիայից. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները հետագայում ևս կշարունակեն այցելել Թուրքիա, հայտնում է Reuters-ը:
Նա կարծում է, որ Ռուսաստանից հյուրերի թիվը չի կրճատվի, չնայած միջազգային հարաբերություններում լարվածության աճին:
Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետը խոստովանել է, որ ներկայում իր երկիրը որոշակի դժվարություններ ունի զբոսաշրջային ոլորտում Մոսկվայի հետ հարաբերությունների պատճառով:
Դավութօղլուն հանդես է եկել մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ներկայացրել է Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին ֆինանսական օգնության տրամադրման պլանը, հՊլանը նախատեսում է 225 մլն թուրքական լիրայի (87 մլն դոլար) օգնություն զբոսաշրջային ոլորտին:
Դավութօղլուն ասել է, որ ռուս զբոսաշրջիկները եկել էին Թուրքիա, նրանց իր երկրում դուր է եկել ու նորից են վերադարձել: Երկիր գալով փոքր հասակում՝ ռուս զբոսաշրջիկը 10 տարի անց ինքնուրույն վերադառնում էր Թուրքիա՝ արդեն երիտասարդ դարձած, պատմել է Դավութօղլուն:
Նա կարծում է, որ իրերի նման դրությունը չի կարող փոխվել ինչ-որ քաղաքական որոշման հետևանքով:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական ռմբակոծիչը: