26 շաբաթական հղի կնոջ հիվանդության պատմագիրն առգրավվել է. քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում հղի Գրետա Տոնոյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

2015թ. դեկտեմբերի 31-ին 26 շաբաթական հղիությամբ ծննդկան Գրետա Տոնոյանը Հանրապետական ծննդատնից՝ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ, «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել, սակայն 2016թ. հունվարի 02-ին մահացել է։ Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից առգրավվել է Գրետա Տոնոյանի հիվանդության պատմագիրը: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Տեսանյութեր

Լրահոս