Բաժիններ՝

Ռուսական սպառազինությունների ծավալը Եվրոպա հիմնականում ավելացել է Ադրբեջանի հետ կնքած պայմանագրերի հաշվին. SIPRI

ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մնում են աշխարհում սպառազինությունների բոլոր հիմնական տեսակների խոշորագույն արտահանողները, ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցում, հայտնում է BBC-ն:

SIPRI-ի ներկայիս հետազոտությունն ընդգրկում է 2011-2015թթ. ներառյալ՝ զուգահեռ համեմատականներ անցկացնելով 2006-2010թթ. ժամանակահատվածի հետ:
Հետազոտությունն արտացոլում է միայն սպառազինությունների մատակարարման ծավալը՝ չանդրադառնալով գործարքների ֆինանսական կողմին: Մատնանշվել է վերջին 5 տարում երկրների ակտիվությունը:

Համաձայն Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի զեկույցի՝ աշխարհում սպառազինությունների խոշորագույն մատակարարների հնգյակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում է գլխավորել ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում զենքի գլոբալ արտահանման 33%-ը:

ԱՄՆ-ի գլխավոր հաճախորդները, ինչպես նշվում է SIPRI-ի զեկույցում, Սաուդյան Արաբիան է (9,7%), ԱՄԷ-ն (9,1%) ու Թուրքիան (6,6%):

SIPRI-ի տվյալով՝ ամերիկյան սպառազինությունների ստացման խոշորագույն տարածաշրջանը դարձել է Մերձավոր Արևելքը, որին բաժին է ընկնում ԱՄՆ-ի արտահանման 41%-ը: Ասիային ու Օկեանիային բաժին է ընկնում սպառազինությունների 40%-ը:

10 տարում դեպի Մերձավոր Արևելքի երկրներ սպառազինությունների արտահանումն ավելացել է 61%-ով:

Վերջին 5 տարում Սաուդյան Արաբիան դարձել է աշխարհում սպառազինությունների մատակարարման ծավալով աշխարհում երկրորդը:

Այս երկիր զենքի ներկրումը 5 տարում ավելացել է 275%-ով՝ համեմատած 2006-2010թթ. հետ: Նույն ժամանակահատվածում ԱՄԷ-ում զենքի գնումն ավելացել է 35%-ով, Կատարում՝ 279%-ով: Զենքի ներկրումը Եգիպտոսում վերջին 10 տարում ավելացել է 37%-ով:

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ից սովորական սպառազինությունների հիմնական տեսակների մատակարարումները վերջին 5 տարում ավելացել են 27%-ով՝ համեմատած 2006-2010թթ. հետ:

Երկրորդ հորիզոնականը, ինչպես նախորդ հնգամյա շրջանում, այնպես էլ հիմա, հատկացվել է Ռուսաստանին: Նրա մասնաբաժինը զենքի միջազգային արտահանման մեջ կազմել է 25%:

Ընդհանուր առմամբ, 2011-2015թթ. ռուսական սպառազինությունների արտահանումը (կոմերցիոն ու ոչ կոմերցիոն) ավելացել է 2006-2010թթ. համեմատ՝ 28%-ով, սակայն 2014-2015թթ. ռուսական արտահանման ծավալը բավականին կրճատվել է: Այս երկու տարիներին ռուսական սպառազինությունների արտահանումը հավասար է եղել 2001-2006թթ. մակարդակին:

Զեկույցի համաձայն՝ վերջին 5 տարում ռուսական զենքի գլխավոր գնորդներ են դարձել 3 երկիր՝ Հնդկաստանը (39%), Չինաստանն (11%) ու Վիետնամը (11%):
Ընդհանուր առմամբ՝ ռուսական սպառազինությունների մոտ 68%-ը 2011-2015թթ. բաժին է ընկել Ասիայի ու Օկեանիայի պետություններին:

Մոսկվային հաջողվել է նաև ամրապնդել դիրքերը զենքի եվրոպական շուկայում (6,4%), ընդ որում, SIPRI-ն նշում է, որ Եվրոպա սպառազինությունների աճը կազմել է 264%:

Lenta.ru-ն նշում է, որ Եվրոպա սպառազինությունների աճը հիմնականում ավելացել է Ադրբեջանի հետ կնքած պայմանագրերի հաշվին (SIPRI-ն Ադրբեջանը դասել է Եվրոպական երկրների թվին)։ Ասվում է, որ Ադրբեջանը այս ժամանակահատվածում 217 տոկոսով ավելացրել է սպառազինության ներկրման ծավալը։

Երկրորդ տարին շարունակ սպառազինությունների արտահանման 3-րդ տեղը խոշորագույն արտահանողների ցանկում զբաղեցնում է Չինաստանը (համաշխարհային արտահանման 5,9%-ը), վերջինիս հաջորդում է Ֆրանսիան (5,6%) ու հնգյակը եզրափակում է Գերմանիան (4,7%):

Ընդհանուր առմամբ՝ սովորական սպառազինությունների հիմնական տեսակների միջազգային մատակարարումները 2011-2015թթ. ավելացել են 14%-ով՝ համեմատած նախորդ հնգամյա շրջանի հետ:

Զեկույցի համաձայն՝ զենքի ներկրման խոշորագույն տասնյակում վերջին 5 տարում հայտնվել են Ասիայի ու Օկեանիայի 6 երկրներ՝ Հնդկաստանը, Չինաստանը, Ավստրալիան, Պակիստանը, Վիետնամը, Հարավային Կորեան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս