Բաժիններ՝

«Կարող ա՝ փողոցում մեկին մի բան ասած լինի, կտրել են. տենց են սարքել». Առաքել Մովսիսյանը՝ Մհեր Սեդրակյանի պահվածքի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լրագրողներն Ազգային ժողովում ստորագրահավաք են սկսել ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողների նկատմամբ ցուցաբերած պահվածքի: ԱԺ-ում նա տեսնելով լրագրողների խմբին՝ նրանց «նախիր» էր անվանել: Այսօր Ազգային ժողովում լրագրողներն ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորից՝ Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեցին՝ կմիանա՞ արդյոք լրագրողների նախաձեռնած ստորագրահավաքին:

Ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Նախ՝ առաջինն ասեմ՝ ինձ են բոլորը միանում, ես չեմ միանում, չեմ հավատում՝ իմ գործընկերը լրագրողներին ինչ-որ վատ բան ասած լինի, երևի իր լեզուն լավ չեն հասկացել»: Դիտարկմանը, թե կա տեսանյութ, պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի տեսել նման տեսանյութ ու հավատում է իր ընկերոջը և գործընկերոջը. «Չեմ կարծում՝ ինքը նման մասսայական տեղերում նման կերպ պահեր իրեն»:

Հարցին՝ լրատվամիջոցնե՞րն են ստում, պատգամավորն այսպես արձագանքեց.

«Էնքան ա եղել, ես բան չեմ ասել, իմ մասին գրել են, ես ի՞նչ իմանամ՝ սարքե՞լ են, թե՞ փողոցի խոսակցություն ա, բերել են, Ազգային ժողով են մտցրել: Իմ վրա էլ են սարքում, իմ ասածները նորմալ չեն գրել, ինչ պետք ա՝ էն են գրել»:

Դիտարկմանը, թե գրելու դեպքում հնարավոր է փոխել խոսքը, բայց այս դեպքում կա տեսանյութ, Ա. Մովսիսյանն այսպես պատասխանեց.

«Կարող ա՝ փողոցում մեկին մի բան ասած լինի, կտրել են. տենց են սարքել»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե՝ մշտապես դուք էլ եք աչքի ընկել լրագրողների հետ ոչ պատշաճ վերաբերմունքով, Ա. Մովսիսյանն այսպես արձագանքեց.

«Դու ե՞րբ ես տեսել՝ ես ոչ պատշաճ վերաբերմունք ունենամ լրագրողների նկատմամբ: Հարցեր եք տվել, պատասխանել եմ, կուլտուրական չեք տվել՝ կուլտուրական չեմ պատասխանել, լավ եք հարցրել՝ լավ եմ պատասխանել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս