Բաժիններ՝

Խաղողի մթերումների դիմաց վճարումների 91%-ը կատարվել է

Այսօրվա դրությամբ խաղողի մթերումների դիմաց վճարումների 91%-ը կատարվել է, մնացել է միայն շուրջ 3.1 մլրդ դրամի պարտք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա վստահեցրեց, որ մթերող ընկերությունները շարունակում են վճարումները՝ ըստ գրաֆիկի:

«Գործընթացն անընդհատ է, վճարումները կատարվում են՝ ըստ պայմանագրերի: Եթե նախկինում՝ 2011-2014 թթ., մինչև հունվար վճարումներն ավարտած էին լինում, ապա անցած տարվա բերքն առատ էր, ծավալների խնդիր կար, դրա համար պայմանավորվել էին համեմատաբար երկար ժամանակահատվածում վճարել, և տարբեր կազմակերպություններ գյուղացիների հետ տարբեր ժամկետների շուրջ էին կնքել պայմանագրերը»,- ասաց Ռ.Մակարյանը՝ հավելելով, որ ամբողջովին չվճարած կազմակերպություններ չկան:

Ըստ նրա՝ վճարումների ուշացումը գյուղացիների համար խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ վարկերի մարումների հետ կապված, քանի որ, որքան շուտ ստանան իրենց գումարները, այնքան իրենց խնդիրները շուտ կլուծեն.

«Բայց նաև վերամշակողների վիճակը պետք է հասկանալ, որովհետև իրենք էլ ֆինանսական միջոցների, իրացման լուրջ խնդիրներ ունեն: Չնայած դրան, ամենօրյա կապի մեջ են նախարարության հետ, և իրադրությունը նախարարի ամենօրյա հսկողության ներքո է: Իրենք էլ գիտակցում են, որ ինչքան գումար ստանում են, պետք է դրանք ուղղեն գյուղացիների պարտքերի մարմանը, որովհետև լավ հասկանում են, որ գյուղացին գարնանը գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ պետք է գումար ունենա»:

Փոխնախարարը նշեց, որ մինչև հունվարի 1-ը պետությունն աջակցում էր այն գյուղացիներին, ովքեր խնդիրներ ունեն վարկերի հետ կապված, անհատական մոտեցում է ցուցաբերվել, և վարկերի մարման ժամանակացույցի տեղափոխում է եղել: Նրա խոսքով՝ նաև կան բազմաթիվ կազմակերպություններ, որ մթերումներ են իրականացրել, և դրանց պետության կողմից մատչելի պայմաններով, ցածր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրվել, որոնք կրկին ուղղվել են գյուղացիների պարտքերի մարմանը:

Ռ.Մակարյանը նաև տեղեկացրեց, որ պտուղ-բանջարեղենի մթերումների դիմաց 99.7% վճարվել է, փոքր պարտքեր են մնացել, որոնք առաջիկա օրերին կմարվեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս