«Շատերն աղքատության պատճառով վաճառում են մեր տված փայտը»
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում 2015 թվականին ՀՀ պետական մրցանակի էր արժանացել ճարտարապետ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Նախարարը իր պետմրցանակային գումարը՝ 1 մլն 667 հազար դրամը, որպես նվիրատվություն, փոխանցել էր Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ-ին։
Փոխանցումից մեկ ամիս ժամանակ է անցել։ «Ասպարեզը» փորձել է պարզել, թե նշյալ գումարը հասարակական կազմակերպությունը ինչ նպատակներով է ծախսել։
– Մենք որոշել ենք մի քանի ծրագրերի մեջ բաժանել այդ գումարը։ Ֆինանսական միջոցները հատկացրել ենք 20 խմ փայտ ձեռք բերելուն, ինչպես նաեւ սոցիալական վատ վիճակի պատճառով դպրոց չհաճախող երեխաների համար գրենական պիտույքների գնմանը։ Իրականացնելու ենք տնակներում ապրող երեխաների երազանքները, ովքեր ցանկանում են երաժշտական տարբեր գործիքներ ունենալ,-ասում է ՀԿ-ի ղեկավարը։
Կայքի փոխանցմամբ` բացի դա, կենտրոնը նախորդ եւ ընթացիկ տարվա տարբեր ժամանակներում, ընդհանուր առմամբ ձեռք էր բերել եւ աղքատ ընտանիքներին բաժանել 700-750 խմ վառելափայտ։
-Ամռան ամիսներից ենք սկսել բաժանել վառելափայտը, բայց նկատել ենք, որ դա ձմռանը օգուտ չի տալիս։ Տնակներում ապրող ընտանիքները, ովքեր հնարավորություն չունեն էլեկտրաէներգիայի միջոցով սնունդ պատրաստել՝ ամռան ամիսներին վառում են այդ փայտը։ Շատերն էլ աղքատության պատճառով վաճառում են մեր տված փայտը, որոնք հատկացրել ենք նույնիսկ ձմռան ամիսներին,-հավելում է Վահան Թումասյանը։
Սոցիալապես անապահով ընտանիքներին, ըստ աղքատության աստիճանի, տրվում է 0,5-ից մինչեւ 6 խմ վառելափայտ։
-Հաշվի ենք առում այն, որ միայնակ տարեց է, կամ հաշմանդամություն ունեցող անձ, որը ապրում է աննկարագրելի վատ պայմաններում։ Չնայած՝ մեր բաժանած փայտի 40 տոկոսը սխալ ընտանիքների է բաժին հասնում։ Հետո պարզում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկար,-ասում է զրուցակիցս։
Բնակիչների «խորամանկությունը» հաշվի առնելով, «Շիրակ կենտրոնը» սկսել է տարվա մեջ մի քանի անգամ բաժանել վառելափայտը։ Թեեւ այս տարբերակն առավել դժվարացնում է ՀԿ-ի աշխատանքը։