Քերին հայտնել է ՌԴ-ի հետ Սիրիայում խաղաղություն հաստատելու մասին համաձայնագրի շուրջ նախնական համաձայնության գալու մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է այն մասին, որ ինքն ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համաձայնեցրել են Սիրիայում զինադադարի հաստատման պայմանների մասին նախնական համաձայնագիրը, որը կարող է ուժի մեջ մտնել մոտ օրերս, հայտնում է BBC-ն:
Քերին այդ մասին հայտարարել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում համաժողովի ժամանակ՝ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո՝ հավելելով, թե դեռ կան չլուծված խնդիրներ:
ՌԴ ԱԳՆ-ն կարճ հաղորդագրություն է տարածել Լավրովի ու Քերիի հեռախոսազրույցի մասին, որի համաձայն՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները «շարունակել են համաձայնեցնել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները՝ բացառությամբ այն կազմակերպությունների դեմ պայքարի, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական»:
Քերիի խոսքով՝ ինքն ակնկալում է, որ մոտ ժամանակներս Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի պայմանները կքննարկեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ջոն Քերին ասել է նաև, որ սիրիական հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է: