ՕԵԿ-ը կդադարեցնի գործունեությունը
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը պաշտոնապես երեկ հայտարարեց վերակազմավորվելու և կուսակցություն դառնալու մասին: Միավորման անդամ կուսակցությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը և այն կշարունակեն «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ներքո: Դրան միացած հասարակական կազմակերպությունները կշարունակեն իրենց հասարակական գործունեությունը:
Երեկ՝ փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարը: Միավորումը կուսակցության վերածելու մասին որոշումը համագումարի մասնակիցներին ներկայացրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Ավելի քան 150 հասարական և քաղաքական կազմակերպություններ միավորվում և հիմնադրում են «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը: Այսօր մենք միասին վառելու ենք մեր միասնական մեծ մոմը՝ հերթական անգամ գործնականում ապացուցելով, որ ավելի լավ է ամեն օր մեկ մոմ վառել, քան հավերժ խոսել խավարի մասին»,- նշեց Մարգարյանը:
«Հայկական վերածնունդ» հասարական-քաղաքական միավորման նախաձեռնող Արթուր Բաղդասարյանը, ողջունելով կուսակցության անդրանիկ համագումարի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում հետ 20 տարի պայքարում է Հայաստանի քաղաքական դաշտում: «Եվ 20-ամյա այդ քաղաքական պայքարը մեզ բերեց մի համոզման, որ Հայաստանում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է նախաձեռնել լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա: Եվ ես գրեթե մեկ տարի առաջ ձեռնամուխ եղա այդ մեկնարկին: Տևական ու բուռն քննարկումներից հետո մեզ հաջողվեց ավելի քան 150 քաղաքական և հասարակական կազմակերպությունների համախմբել «Հայկական վերածնունդ»-ի գաղափարի շուրջ»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ իր նախաձեռնության մեկնարկից հետ երկու հիմնական թեզեր են նետվել հրապարակ, որոնց ցանկանում է անդրադառնալ: «Ասում էին՝ ՕԵԿ-ը հեղինակազրկված է, գնում է անվան փոփոխության, և Արթուր Բաղդասարյանին միանում են չեղած մարդիկ ու կուսակցություններ: Եթե ՕԵԿ-ը հեղինակազրկված է, ինչպե՞ս է արդեն 20 տարի Ազգային ժողովում: Սա է հեղինակության իրական գնահատականը: Հիմա անվան մասին. ես սիրում եմ «Օրինաց երկիր» անվանումը, սակայն մենք միահամուռ որոշեցինք միավորվել և ստեղծել նոր ուժ, նոր միավորում: Այնպես չէ, որ այդ որոշումը ինձ հեշտ է տրվել, սակայն մենք ստեղծում ենք նոր ուժ, համախմբվում ենք նոր գաղափարի շուրջ: Ինչ վերաբերում է չեղած կուսակցությունների եւ մարդկանց մասին տեղեկություններին, ապա ասեմ՝ մեզ միացել է 40-50 հազար մարդ, մեզ միացած ցանկացած կուսակցությունում կա 2-3 հազար մարդ»,- ասաց ՕԵԿ առաջնորդը:
Համագումարի ընթացքում մասնակիցները հաստատեցին նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը, ծրագիրն ու ռազմավարությունը: Կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: «Հայկական վերածնունդ միավորում« կուսակցության համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներկա չէին: