Ռուսները չեն վստահում հայ գործարարներին
Հայաստանի ջերմոցների ասոցիացիան բանակցություններ է վարում Ռուսաստանի փորձագիտական կենտրոնի հետ՝ Հայաստանում 65 հեկտար ջերմոցներ կառուցելու համար: Ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բանակցությունները ձգձգվում են գրավի պատճառով:
«Ռուսները վախենում են, չեն վստահում Հայաստանին, պետական երաշխիք են պահանջում, որ ներդրում անեն, պետությունն էլ չի տալիս երաշխիք,- ասաց Պ. Գևորգյանն ու հավելեց,- Ռուսաստանն էլ արդեն լավ վիճակի մեջ չէ, մինչև նրանց հետ գործ անենք, գորտի աչքերը դուրս կգան»: Պ.Գևորգյանի խոսքով՝ այժմ աշխատում են Համաշխարհային բանկի հետ, որը կարող է երաշխավորել վարկեր ներդնելու համար:
Մեր հարցին՝ կառուցվելիք ջերմատները որպես գրավ չե՞ն ընդունում վարկ տալու համար, Պ.Գևորգյանը պատասխանեց, որ հնարավոր չէ գրավով ջերմատուն կառուցել: Թե այդ ջերմատների կառուցումը որքանո՞վ կավելացնի ՀՀ-ից բանջարեղենի արտահանումը, Պ.Գևորգյանը դժվարանում է հստակ կանխատեսում անել: Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ կնքվել է հուշագիր ամսական նվազագույնը 1500-2500 տոննա գյուղմթերքի արտահանման վերաբերյալ, բայց հիմա դեռ բերք չկա, որ արտահանեն, քանի որ ջեռուցման ծախսի պատճառով բոլոր ջերմատները ցանել են այնպես, որ գարնանը բերք ստանան: Ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ արտահանումների վրա ազդում են նաև ռուբլու փոխարժեքի հետ կապված խնդիրները:
«Ռուսաստանում թուրքական բանջարեղենի տեղը հիմա գրավել է ոչ թե՝ հայկականը, այլ՝ ղազախականն ու ուզբեկականը, նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերն են արտադրում: Հայկական լոլիկ պետք է լինի, որ մտնի Ռուսաստան: Եթե չկա ապրանք, ի՞նչն արտահանենք: Այսօր ջերմոցներն իրենց ձմեռային արտադրությունը կորցրել են»,- ասաց Պ.Գևորգյանը: